
Նախասարկաւագ եւ առաջին մարտիրոս Սբ. Ստեփաննոսի տօնը աւանդաբար համարւում է բոլոր սարկաւագների տօնը: Ինչպէս գիտէք, սարկաւագութեան աստիճանը նուիրապետական առաջին գլխաւոր աստիճանն է: Շատ ցանկալի կը լիներ, որ գործնական կիրառութիւն ունենար նաեւ կիսասարկաւագութեան աստիճանը, որը քիչ թէ շատ պահպանուել է սփիւռքում: Սակայն նոյնիսկ եթէ գործնականում կիսասարկաւագներ չկան, դա չի նշանակում, որ դպիրին պէտք է ուրար շնորհուի, որպէսզի փոխարինի կիսասարկաւագին կամ սարկաւագին: Նոյն տրամաբանութեամբ` գուցէ սարկաւագին էլ փիլո՞ն շնորհուի, որպէսզի փոխարինի քահանային` կոչուելով փիլոնակիր սարկաւագ... Իսկ ի՞նչն է խանգարում, որ գործնականում լինեն կիսասարկաւագներ: Չէ՞ որ եկեղեցական կանոնով արգելւում է դպիրին ուրար կրել, իսկ «Մայր Մաշտոց» ծիսամատեանում առհասարակ ուրարակրութեան աստիճանի չենք հանդիպում: Դա վերջին շրջանի յետսամուտ եւ շինծու սովորութիւն է: Ուրարակիր կարող են լինել միայն կիսասարկաւագը, որն ուրարը կրում է ձախ բազկին, սարկաւագը` ձախ ուսին, քահանան`պարանոցով մէկ, որ կոչւում է փորուրար:
Ի՞նչ է ստացւում. դպիրին շնորհւում է ուրար, որպէսզի կրի ձախ ուսին, ապա երբ կիսասարկաւագ է ձեռնադրւում, ուրարը ձախ ուսից իջեցւում է ձախ բազկին, իսկ սարկաւագ ձեռնադրուելիս նոյն ուրարը ձախ բազկից բարձրացւում է եւ դրւում ձախ ուսին: Մի՞թէ սա անտրամաբանական չէ... Նաեւ «Մայր Մաշտոց» ծիսարանը հրահանգում է, որ մինչեւ կիսասարկաւագական աստիճանը թոյլատրւում է ամուսնանալ, իսկ դրանից վեր` ոչ: Այսինքն` եթէ անձն արդէն սարկաւագ է ձեռնադրուած եւ ամուսնացած չէ, ուրեմն այլեւս իրաւունք չունի ամուսնանալու: Իսկ եթէ պիտի ամուսնանար, ապա այդ մասին պէտք է մտածեր մինչեւ կիսասարկաւագ ձեռնադրուելը` դպիր եղած ժամանակ: Այս կարգը պահւում է Ուղղափառ բոլոր Եկեղեցիներում: Նշեմ նաեւ, որ քահանայացուն կամ տիրացուն, ըստ կանոնների, պէտք է երեսնամեայ տարիքում ձեռնադրուի քահանայ, իսկ խիստ կարիքի դէպքում` նուազագոյնը քսանհինգամեայ տարիքում: Ինչ վերաբերում է վարդապետական աստիճաններ շնորհելուն, ապա դարձեալ ըստ «Մայր Մաշտոց»-ի` դրա իրաւասութիւնն ունի բացառաբար այն եպիսկոպոսը, ով նախապէս ստացել է ծայրագոյն վարդապետական աստիճանները, այսինքն` ունի 14 վարդապետական աստիճան` ներառեալ մասնաւոր կամ փոքր վարդապետական աստիճանները: Ի դէպ, վարդապետական աստիճանները նուիրապետական աստիճաններ չեն, այլ` զուտ եկեղեցագիտական` համարժէք ունենալով մագիստրոսի եւ դոկտորի գիտական աստիճանները: Վերջում յաւելեմ, որ կուսակրօնութեան երեւոյթը ծնուել է վանքերում եւ վանքերի համար: Եթէ չկայ վանականութիւն, աւելորդ եւ իմաստազուրկ է դառնում կուսակրօնութիւնը...