1in.am-ը գրում է.
Մի քանի օր է` հանրությունն ակտիվորեն քննարկում է ՍԱՍ սուպերմարկետների ցանցում վաճառվող կոկորդիլոսների թեման: Ապխտած կոկորդիլոսները վաճառվում են սուպերմարկետների ցանցի առայժմ միայն երեք՝ Թումանյան, Երվանդ Քոչար և Կիևյան փողոցներում գտնվող սուպերմարկետներում: Կոկորդիլոսներից յուրաքանչյուրն արժե 380 հազար դրամ, դրանց երկարությունը 90 սանտիմետր է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետում մեզ ասացին, որ այն պահանջարկի հիման վրա չի ներկրվել, իսկ եթե Ամանորից առաջ պահանջարկ և պատվերներ լինեն, ապա իրենք պատվերի օրը պատրաստի վիճակում կառաքեն պատվիրատուի տուն:
Կոկորդիլոսների հետ կապված հավելյալ տեղեկություններ սուպերմարկետներում մեզ չտվեցին: Երբ այցելեցինք ՍԱՍ, տնօրինությունը երկար բանակցություններից հետո միայն թույլատրեց նկարել այդ ապխտած կենդանուն, որին սուպերմարկետում վերաբերվում էին ինչպես թանգարանային նմուշի: Տնօրինությունը և վաճառողները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին: Այնպիսի տպավորություն էր, կարծես մենք ռազմական գաղտնիքի մասին էինք հետաքրքրվում:
Կոկորդիլոսի գնորդներ դեռ չկային: Սուպերմարկետի ամենօրյա հաճախորդների վերաբերմունքը տարբեր էր այս «նորարարության» վերաբերյալ: Ոմանք դրան քամահրանքով էին նայում, որոշներն էլ ակտիվորեն քննարկում էին՝ «հետաքրքիր նորություն է, նորմալ է՝ ով փող ունի, թող առնի, ինչ կա որ»:
Իսկ որոշ հաճախորդներ էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, չկարողանալով թաքցնել զայրույթը, վաճառվող ապխտած կոկորդիլոսը նմանեցրեցին սուպերմարկետի սեփականատիրոջը: Ի դեպ, վերջինս՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը, երեկ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նրանից, մասնավորապես, ուզում էինք պարզել, թե որքանով է տրամաբանական կոկորդիլոս ներկրել Հայաստան ու այն վաճառել 380 հազար դրամով, երբ տասնյակ հազարավոր մարդիկ ամենօրյա հացի փող անգամ չունեն: Արդյոք դա ծաղր չէ՞ սոցիալական ծանր վիճակում հայտնված հայաստանցիների նկատմամբ: