Մի վարդապետ չէր կարողանում հասնել այն բանին, որ ժողովուրդն իրեն ունկնդրեր, երբ խօսում էր Աստուծոյ կարեւորագոյն գործերի մասին։ Այդժամ նա սկսում է պատմել մի մտացածին պատմութիւն այն մասին, թէ ինչպէս մի պատանի ամռանը մի մարդու աւանակ է վարձում, որ մի քաղաքից միւսը գնայ։ Երբ կէսօրին արեւն սկսում է կիզել, երկուսն էլ ցանկանում են շոգից պատսպարուել ավանակի ստուերի ներքոյ, սակայն վիճելով՝ սկսում են հրմշտել իրար ստուերի համար։ Պատանին ասում է, որ ինքն է վարձել աւանակին, ուստի նրա ստուերը եւս իրեն է պատկանում, իսկ տէրը, թէ՝ վարձով է տուել առանց ստուերի։ 
Պատմելով այսքանը՝ վարդապետը թողնում է իր տեղը, որ հեռանայ, սակայն ժողովուրդը ետ է պահում նրան՝ պահանջելով, որ աւարտի պատմութիւնը եւ ասի, թէ ինչպէ՛ս լուծուեց վէճը։ Այդժամ վարդապետը ծիծաղում է եւ ասում. «Ի՜նչ մարդիկ էք դուք։ Աւանակի ստուերի մասին լսել ուզում էք, իսկ հոգու փրկութեան մասին՝ ոչ»։
Այդպիսին են նաեւ անունով քրիստոնեաները. երբ նայում են, լսում կամ կարդում ունայն բաներ, բնաւ չեն ձանձրանում, թէկուզ այն տեւի մի ամբողջ օր։ Իսկ Աստուծոյ Խօսքը կարդալու կամ լսելու ժամանակ ամենեւին չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել