Երևի ...
Երևի բոլորի մեջ էլ այդ հոգի կոչվողը ժամանակ առ ժամանակ ցավում է: Շատերը զգում են այդ ցավը, շատերը՝ ոչ:
Երևի բոլորն էլ ունեն ինչ-որ չափով երջանկության կարիք: 
Երևի բոլորի սրտերում էլ կա մի անուն, որ ստիպում է նրան ապրել: Բայց շատ հաճախ անգամ ամենամեծ երջանկությունն էլ քիչ է թվում:
Երևի բոլորն էլ հավատով սպասում են ինչ-որ հրաշքի կատարմանը, որն այնքա՜ն բան կարող է փոխել:
Երևի կան սրտեր, որ սիրում են, բայց չեն սիրվում: Եվ, ցավոք, ոչ թե երևի, այլ հաստատ, կան այդպիսնները: Երա՜նի չլինեն այլևս:
Երևի յուրաքանչյուրն էլ ինչ-որ ժամանակ ցանկություն է ունենում չապրել: Թո՛ղ այդպիսի պահեր ոչ մեկի մոտ չլինեն այլևս:
Երևի շատերը լավատեսներ են՝ վարդագույն ակնոցով, նույնչափ էլ հոռետեսներ կան, որոնց այնքա՜ն բարդ է թվում ամեն ինչ: Երա՜նի հոռետեսները մի օր լավատես դառնան:
Երևի ոչինչ էլ ամենևին ուշ չի լինում, երբ մենք այդպես ենք կարծում, ուղղակի քչերն են սիրում պայքարի շունչը ներսում պահել:
Երևի ամեն դեռահասի սրտում էլ նույն բաղձալի ցանկությունն է՝ ամբողջ կյանքում լինել իրենց համար ամենաթանկ միակի հետ: Թեև, ոչ միայն դեռահասաների, այլև ցանկացած սիրող սրտի:
Երևի բոլոր փոքրիկ աղջիկներն են երազում հարսի ճերմակ շորիկի, շքեղ հարսանեկան տոնախմբության, գեղեցիկ տորթի և անսահման անձնական երջանկության, իրենց սիրելիների աչքերի նման աչքեր ունեցող բալիկների մասին: Անհերքելի է, երևի:
Երևի շատերն ունեն ինչ-որ մեկի ջերմության կարիքը, որին ոչ մեկ ու ոչինչ չի փոխարինի:
Երևի ինձ պես երազող չկա: Գուցե ցանկություններս անթիվ են: Գուցե դրանք որոշ չափով էլ ծիծաղելի թվան: 
Երևի մի օր իմ ներսում ապրող թիթեռներն էլ ազատություն կփնտրեն, բայց քանի կան նրանք, ես հարուստ եմ շա՜տ: Ամեն անգամ պատկերում եմ նրանց իմ էջերում. նրանք այնքա՜ն գունավոր են, այնքա՜ն երազային և նրանցից ոչ մեկն էլ 1-օրյա կյանք չունի՝ անմահ են իմ հոգում:
Երևի քիչ վստահ եմ իմ թվարկած «երևի»-ներում, բայց մեկ է, նրանց «երևի» եմ կոչում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել