Tert.am-ը գրում է.

Այսօր նշվում է Շաքարային դիաբետի համաշխարհային օրը։ 1922 թվականի հունվարին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը պատմության մեջ առաջին անգամ կատարում է ինսուլինի ներարկում՝ փրկելով դիաբետի ծանր ձևով տառապող 14-ամյա տղայի կյանքը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Բանտինգը ինսուլինի հայտնագործման բոլոր իրավունքները հանձնում է Տորոնտոյի համալսարանին՝ հետագայում ինսուլինի արտադրման իրավունքները փոխանցելով Բժշկական հետազոտությունների Կանադական խորհրդին: 1922-ի տարեվերջին նոր դեղամիջոցը հայտնվում է դեղերի շուկայում:

Գիտնականի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը, Դիաբետի միջազգային դաշնության (International Diabetes Federation) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) կողմից հռչակվում է Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր (World Diabetes Day) և առաջին անգամ նշվում 1991 թվականին:

2007 թվականից Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 14-ին իրականացվող քարոզարշավն ու իրազեկման միջոցառումները նպատակաուղղված են բարձրացնելու բնակչության զգոնությունն ու տեղեկացվածությունը շաքարային դիաբետի և դրա բարդությունների վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է առողջ ապրելակերպի հայեցակարգի նախագիծ, որտեղ մեծ տեղ է հատկացված շաքարային դիաբետի առաջացմանը նպաստող գործոնների կանխմանը, հատկապես ֆիզիկական ակտիվության բարձրացմանը, ավելորդ քաշից ձերբազատմանը և առողջ սննդի օգտագործմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել