Մեր հագուստը մեզնից թանկ է, մեր համակարգիչը՝ մեզնից խելացի: Մեր հոգիները վաղուց ծախված են՝ հարմարավետ մահճակալ ու նորաոճ հեռախոս գնելու համար: Բարի գալուստ քսանմեկերորդ դար, ընկերներ:
Դար, որտեղ հոգուս բարձրությունը կերևա միայն այն դեպքում, եթե ես բարձրակրունկներ հագնեմ: Դար, որտեղ առաջ շարժվելու համար պետք է հետույքդ շարժես: Դար, որտեղ խամաճիկ ունենալու համար, պետք է ինքդ խամաճիկ դառնաս: Հետույքաշարժության ու հետույքավարի ապրելու դար է, ընկերնեˊր:
Մեր սերերը պատահական են, զգացմունքները՝ անձեռոցիկային: Մեզ պետք չէ իմանալ մեր սիրո օբյեկտը թեյը շաքարավազո՞վ է խմում, թե՝ ոչ: Մարմնի ու հոգու վրա սպիներ ունի՞, թե չկան, փոքր տարիքում երազել է բժի՞շկ դառնալ, թե՞ օդաչու: Կարևոր է իմանալ կրծքի չափսն ու դրամապանակում զրոների ճշգրիտ թիվը: Եթե շատ ես սիրում՝ չէր խանգարի իմանալ նաև հեռախոսահամարը: Եթե անգիր ես հիշում բոլոր այս թվերը՝ շնորհավորում եմ, հարաբերությունները լուրջ են, կարող եք ամուսնանալ: Թվերի ու անսերության դար է, ընկերնեˊր:
Մեր երազանքները գրվում են սառույցի վրա, երդումները մնում են պատերի տակ, զգացմունքները՝ սրտից հնարավորինս հեռու՝ երիկամի մեջ կամ էլ աղբամանում: Չկան զգացմունքներ, ընկերներ, որովհետև զգալն այլևս մոդայիկ չէ: Իսկ մենք մոդայիկ աքսեսուարների կույտ ենք, որի ոչ մի դետալ մեկը մյուսի հետ չի սազում: Անճաշակության դար է: Մոդայիկ անճաշակության ու անպետքության դար է:
Մենք ապրում ենք՝ թերագնահատելով ու ծաղրելով դիմացինին: Տեսնում ենք դիմացինի՝ թելերից կախված լինելն, ու չենք տեսնում, որ ինչ-որ մեկը հենց այդ պահին քաշում է հենց մեր թելերից: Թելերը քաշվեցին: Տիկնիկը խաղի մեջ է: Մենք անում ենք այն ամենը, ինչ մեզ թելադրում են: Կուրության դար է, ընկերնեˊր:
Շարժենք մեր հետույքները, որ շարժվենք առաջ, գնենք ամեն տեսակ աղբ, որ չտեսնենք՝ ինչպես են մեր աղբ հոգիները վաճառվում կոպեկներով, ծնկենք ու երկրպագենք ձևականությանը, ստին: Սիրենք առանց ճանաչելու, ատենք առանց պատճառ, չհիշենք սովորելու, զարմանալու ու հետաքրքրվելու մասին: Մեր մեջ մետաքս տեսնենք ու անտեսենք,որ ծամծմված չթից էժանություն ենք:
Էժանության դար է, ընկերնեˊր: