168.am-ը գրում է․

Տավուշում իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ իրականացվող սահմանազատման գործընթացին ու Տավուշում բնակիչների բողոքի ակցիաներին զուգահեռ՝  Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է տավուշցիների հետ փակ հանդիպումները: Երեկ՝ վերջին 10 օրերի ընթացքում  երկրորդ անգամ, Կառավարության շենքում ընդունեց Կիրանցի գյուղապետին և 5-6 բնակիչների։

Մոտ 3 ժամ տևած փակ հանդիպումից հետո, ինչպես Կիրանցի գյուղապետը, այնպես էլ բնակիչները որևէ խոսք չասացին Կառավարության շենքի մոտ հանդիպման ավարտին սպասող լրագրողներին, միայն նրանցից մեկը հակիրճ ասաց. «Ինչ կար, նույնն է, որևէ բան չի փոխվել»։ Կիրանցցիները հուզված էին, զայրացած, իսկ երիտասարդ մի աղջիկ արտասվում էր։

168.am այսօր Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ, որևէ բան կարո՞ղ է փոխվել, թե՞ ոչ։

«Որևէ բան չի փոխվել, նույն սցենարն է։ Հանդիպումը և՛ Տավուշում, և՛ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ նույնն է եղել, բովանդակային առումով որևէ փոփոխություն չկա։

Մենք դեռ սպասում ենք, որ որևէ բան կարող է փոխվել, այդ հույսը մեզ Նիկոլ Փաշինյանը չի տվել, մենք մտածում ենք, որ մեր նախաձեռնած պայքարով ու քայլերով որևէ բան կփոխենք։ Կրկնում եմ՝ Կառավարությունում մեզ որևէ հույս չեն տվել։ Ինչ գիտեք, ամեն ինչ նույնն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը գոնե ասե՞լ է, թե Ադրբեջանն ինչ է տալու Հայաստանին այդ տարածքների դիմաց, Կամո Շահինյանը պատասխանեց, որ գլոբալ հարցեր չեն քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկելիք թեման վերաբերել է միայն հանձնվող տարածքներին։

«Մենք քննարկել ենք, որ դրանք մեր տարածքներն են ու չպետք է հանձնվեն, չենք անդրադարձել, թե Ադրբեջանը հետ կտա՞ Տավուշում իր զավթած հայկական տարածքները։

Հաջորդիվ եթե նման հանդիպում լինի, այդ հարցերը պետք է բարձրաձայնենք»,- եզրափակեց Կիրանցի գյուղապետը՝ շեշտելով, որ շատ բաներ չի կարող խոսել։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ից Տավուշի բնակիչները փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը՝ իշխանություններից պահանջելով հրաժարվել Ադրբեջանին միակողմանի զիջումներից, քանի որ ներկայում ինչ տեղի է ունենում Տավուշում, նրանց կարծիքով՝ ոչ թե սահմանազատում է, այլ միակողմանի զիջում։

Երեկ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 29-ի դրությամբ իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել