Ներկա և նախկին իշխանությունների գործունեության ամենացավալի հետևանքներից մեկը երկրում ստեղծված բարոյահոգեբանական անառողջ և խայտառակ մտնոլորտն է: Անկախության առաջին տասնամյակի ոգևորության, ազատության, հպարտության զգացումը փոխարինվել է վախի, ստրկամտության, հուսահատության և ատելության զգացումով: Բարքերի անկումը հասել է այն աստիճանի, որ հասարակական չարիք չեն դիտվում քաղքենիությունը, կաշառակերությունը, ընչաքաղցությունը, սուտը, մատնությունը, կարիերիզմը և ստորաքարշությունը: Իշխանությունների անբարո գործունեության արդյունքում առաջին պլան են մղվել մարդ-արարածի ամենաստորին բնազդները: Դրանով ահռելի հարված է հասցվել ազնվության, արդարության, պարկեշտության, ինքնազոհության վերաբերյալ մեր ժողովրդի մոտ ձևավորված պատկերացումներին: Ժողովուրդը կորցրել է հավատը պետական ինստիտուտների, օրենքի, քաղաքական գործիչների և կուսակցությունների նկատմամբ: Չքացել է մարդկանց բնական կապվածությունը հայրենի հողին: Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելը դարձել է առօրյա և սովորական: Հասարակությանը վերածել են կասկածամիտ, թերահավատ, իդեալազուրկ, հուսահատ զանգվածի, ինչը չափազանց հեռու է հզոր պետություն կերտելու գաղափարից ու ծրագրից: Մի կողմից հիացմունքով, մյուս կողմից ցավով պիտի նշեմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի հպարտ, եռանդուն ու լավատես էր պատերազմի, կամ եթե կուզեք` ցրտի ու մթի տարիներին, քան այսօր:
Հ.Գ. Իմ կարծիքով սա ազգային աղետ է, աղետ, որի բացարձակ պատասխանատուները վայելում են իրենց ազատությունը, այնինչ նրանք շատ վաղուց պիտի փտեին բանտերում` որպես ազգի դավաճաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել