ԼՂՀ հարցի լուծման ուղիները
1.Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացին՝ որպես բանակցությունների լիիրավ կողմ:
Սկսենք նրանից, թե ինչ էր տալիս մեզ Ղարաբաղի բանակցային կողմ լինելը: Բոլորիդ հայտնի է, որ դեռ 1997թ.-ին, 1996թ.-ին Ղարաբաղը միշտ էլ բանակցություններին մասնակցել է, միշտ Մինսկի խմբի ցանկացած առաջարկություն պետք է ստանար եռակողմ համաձայնություն` այսինքն` Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան: Բոլորիդ է հայտնի, որ 1997-ին այդ առաջարկությունները չեն ընդունվել միայն այն պատճառով, որ դրանց նկատմամբ որոշակի վերապահումներ է ունեցել Ղարաբաղը, ինչը ապացուցում է, որ Ղարաբաղը բանակցությունների լիարժեք կողմ է եղել: Հիշեցնեմ, որ խոսքը 1997-ի Մինսկի խմբի այն 2 առաջարկների մասին է, որոնցով Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին կոչ էր արվում համաձայնել Ղարաբաղի հարցի փուլային, ապա եւ փաթեթային լուծմանը: Քանի որ ԼՂ-ն չընդունեց այդ տարբերակները, ուստի որպես բանակցությունների շարունակման հիմք դրանք առժամանակ դադարեցին: 1999 թվականից Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Մի զավեշտալի փաստ գոյություն ունի, որը կուզենայի կիսել ձեզ հետ. 2010 թվականի մարտին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» սեմինարին մասնակցելու նպատակով մեր երկրում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահի ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն ասել էր, որ դեմ է Ղարաբաղի վերադարձին բանակցային սեղան, մանավանդ որ ՀՀ երկու նախագահները ղարաբաղցի են, եւ դա բավարար է` ԼՂ խնդրին լավ տիրապետելու եւ ներկայացնելու համար: Մարտի 12-ին նույն սեմինարի ժամանակ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` ընդգծելով, որ Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը:
Սերժ Սարգսյանը մի կողմից հայտարարում է, թե Արցախը պիտի դառնա բանակցային կողմ, մյուս կողմից` հաճույքով շարունակում է Իլհամ Ալիեւի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունները: Բայց գործող նախագահին պիտի հիշեցնել, որ իր նախագահության երկու տարիներին Արցախն ավելի է մեկուսացվել բանակցություններից, ավելի, քան էր Քոչարյանի եւ առավել, քան էր Տեր-Պետրոսյանի օրոք: Սերժ Սարգսյանն է ստորագրել Մայենդորֆի 2008 թ. նոյեմբերի 2-ի հռչակագիրը, որի տակ չկա ԼՂ ստորագրությունը: Այսպիսով, գործող նախագահ Սարգսյանը Արցախի մեկուսացվածությանը տվեց փաստաթղթային ձեւակերպում: Անշուշտ, ԼՂ մեկուսացվածության հարցում Հայաստանից բացի մեղքի բաժին ունի Ադրբեջանը, ով, հասկանալի պատճառներով, փորձում է Երեւան-Բաքու ձեւաչափը ցուցանելով` միջազգային հանրությանը համոզել, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Իր հերթին միջազգային հանրությունը` ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության, փորձում է պարզեցնել հակամարտության էությունը, պայմանավորվել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, քանի որ ԼՂ-ի մասնակցությունը նրանց համար հավելյալ գլխացավանք է: Բայց ԼՂ-ի` բանակցություններից մեկուսացվածության հարցում հիմնական մեղավորը Արցախի ղեկավարությունն է, որը նախընտրում է լռել: Արցախի ղեկավարությունը պիտի փորձի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` քննադատելով Բաքվի, միջազգային հանրության եւ Երեւանի քաղաքականությունը:
Ղարաբաղի` բանակցային գործընթացից դուրս մղվելը մեր դիվանագիտության ամենամեծ թերացումներից մեկն էր:
2. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը:
3.Եթե ընդունենք մադրիդյան լրամշակված տարբերակը, ապա մենք Ադրբեջանին կզիջենք միայն ոչ ռազմավարական նշանակության տարածքներ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները, այն էլ այն դեպքում, երբ ունենանք բավարար երաշխիքներ, որ ի վերջո հարցը կստանա վերջնական լուծում:
4.ՀՀ-ն և Ղարաբաղը պետք է ունենան ցամաքային կապ:
5.Անվտանգության միջազգային երաշխիքներ և որ ամենակարևորն է՝ խաղաղապահ զորքերի տեղակայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել