Քաղաքական վերնախավի (էլիտա) խնդիրը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել հասարակական գիտություններում։ Եվ դա հասկանալի է, չէ՞ որ յուրաքանչյուր հասարակական-քաղաքական գործընթաց, սոցիալական վերափոխում անցնում է վերնախավերի մասնակցությամբ և նրանց ակտիվ ազդեցության ներքո։ Սակայն, չնայած այս ամենին, չի դադարում նրանց էության և առաքելության մասին վեճը։
Հարկ է նշել, որ ի սկզբանե «էլիտա» բառը վերաբերում էր հասարակության վերին, «լավագույն» խավին։ Սակայն, ժամանակի հետ մեկտեղ վերոնշյալ եզրույթի բովանդակությունը փոխվել է, և այժմ, մասնավորապես քաղաքագիտությունում, այն օգտագործվում է չեզոք, էմպիրիկ իմաստով։ Այդ եզրույթը հիմնականում նշանակում է փոքրամասնություն, որն օրինական կամ անօրինական ճանապարհով իր ձեռքերում է կենտրոնացրել իշխանությունը, արտոնությունները, հարստությունը։
Իշխող էլիտան իր մեջ ներառում է ինչպես պետական բարձր պաշտոններ գրավողներին, այնպես էլ նրանց, որոնք, գտնվելով ստվերում, իրենց հարստության կամ այլ արտոնությունների շնորհիվ ունեն ազդեցություն, մի կողմից` սովորական քաղաքացիների, մյուս կողմից` քաղաքական որոշումներ կայացնող պաշտոնական անձանց վրա։
Ըստ գերմանացի քաղաքագետ և սոցիոլոգ Միխելսի` «իսկական դեմոկրատիան կարող է լինել անմիջական և ուղղակի, իսկ ներկայացուցչական դեմոկրատիան կրում է օլիգարխիայի էլեմենտներ...»:
Ըստ Լասուելի` «էլիտան հասարակության մեջ հեղինակություն և որոշակի կարգավիճակ ունեցող անձինք են, որոնք ունեն կամ առավելագույն չափով տիրապետում են նյութական և ոչ նյութական արժեքների»:
«Ներկա իրավիճակը»
Փորձելով այս ամենը ասոցացնել այսօրվա մեր իրականության հետ՝ ես կարող եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն օրենսդիր մարմին Ազգային ժողով արդեն տասնամյակներ շարունակ մուտք են գործում իրենց տնտեսության մեծ մասը ստվերում պահող մի շարք մականունավոր գործարարներ: Գործարարներ կամ քրեաօլիգարխիկ տարրեր, որոնք իրենց գործունեության 5 տարիների ընթացքում երբեք հանդես չեն գալիս ելույթներով, օրենսդրական նախաձեռնություններով, այլ հակառակը հաճախ ի ցույց են դնում իրենց անգրագետ ու կատարյալ տգետ կերպարը, այդ քայլերով օր օրի իշխանական վերնախավը հիասթափեցնում ու արտագաղթի է դրդում մեր շատ սիրելի հայրենակիցներին: Եթե այս գործարարները իրենց բիզնես գործունեությունը կարողանային մղել երկրորդ պլան և պաշտոնը չչարաշահեն իրենց սեփական հարստացման համար, այլ գործեն ի բարօրություն ՀՀ քաղաքացու, ես միայն կողջունեմ դա, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ գործարար էլիտան միայն աշխատում է իշխանության վերին օղակների վերարտադրման համար՝ ակնկալելով մի շարք արտոնություններ այդ իշխանությունից իրենց բիզնեսը ծաղկեցնելու համար: Հայկական քաղաքականությունը նման է «հաղթողը վերցնում է ամեն ինչ» սկզբունքին, եւ սա մեծամասամբ վերաբերում է ոչ միայն քաղաքական հարցերին, այլ նաեւ գործարար եւ տնտեսական խնդիրներին: Սա այն հարցերից մեկն է, որի պատճառով հայկական քաղաքականությունը դարձել է այդքան անողոք: ՀՀ-ում գործարարների քաղաքական բարձր ամբիոններում ներգրավվածությունը ժողովրդին ոչ մի լավ բան չի տալիս, այլ հակառակը` հետզհետե մահանում է փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում: Գործարար էլիտայի ներկայացուցիչները, ստանալով պետական բարձր աջակցություն, իրենց մոնոպոլիստական քաղաքականության շնորհիվ մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման ու իրացման հարցում ունենում են բացարձակ մենաշնորհ:
Այս ամենը լսելիս ձեզանից շատերը կուզենային հարցնել, թե արդյոք այս օլիգարխները չեն կարող չսերտաճել իշխանական վերնախավին, իհարկե սկզբունքորեն կարող են, բայց նրանց մի մասը մտածում է իշխանությանը մի որոշակի «ծառայություն» մատուցել ու էլ ավելի արտոնություններ ստանալ, իսկ մի մասն էլ, ունենալով աչքի առաջ տխուր նախադեպեր, երբ գործարարն փոխել է իր ճամբարը ինչ ճակատագիր է ունեցել. դրանից հետո մեղմ ասած, չեն այրում կամուրջները իշխանությունների հետ: Ցանկանալով շարունակել արտագաղթի թեման՝ ես չեմ կարծում, որ հետխորհրդային շրջանի 12 երկրներից ամենաքիչը Հայաստանի բնակիչներն են սիրում իրենց հայրենիքը: Հակված չեմ կարծելու, որ բնակչության 40 տոկոսը առանց սրտի ցավի է ցանկանում լքել իր հայրենիքը: Սակայն Հայրենիքը մշտապես կորցնում է իր հրապույրը, երբ՝
• Հասարակությունը չի տեսնում պետության զարգացման հեռանկարներ…
•Հասարակության առավել ընդդիմադիր տրամադրված զանգվածը իրեն օտարված է զգում պետությունից…
• Չինովնիկները պետությունը օգտագործում են հարստանալու, իսկ Հայրենիքը՝ իրենց հարստանալու ուղիները գաղափարապես ամրապնդելու համար…
• Ցանկացած ընդվզում ազգի դավաճանություն է, հակապետական գարշելի արարք…
«Ցանկալի ապագան» 
Ցանկանում եմ, որ ՀՀ-ում ի վերջո գործարարը զբաղվի իր գործարարական գործունեությամբ, և Հայաստանում գործարար էլիտայի խնդիրը լինի ազնիվ ճանապարհով բարգավաճումն ու հարստացումը, ինչին զուգահեռ կառավարությունը բացառապես հավասարության սկզբունքով պետք է սկսի իրացնել օրենքները, ներկայիս գաղջ մթնոլորտը վերացնելու ու շտկելու գործում մեզանից յուրաքանչյուրը իր չափով անելիք ունի:
Բացառել Ազգային ժողովում ընդունվող օրենսդրության վրա գործարար շրջանակների ազդեցությունն ու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց առկայությունը խորհրդարանում, ինչպես նաեւ պաշտոնից հեռացնել մասնավոր շահ հետապնդող պաշտոնյաներին:
Ընդունել ու կիրառության մեջ դնել փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը թեթեւացնող, բիզնեսին հարկային ահաբեկչությունից ու կամայականությունից զերծ պահող հարկային պարզեցված օրենսդրություն:
Հանցավոր ճանապարհով կուտակված հարստության նկատմամբ կիրառել օրինականության վերականգնմանն ուղղված օրենքով սահմանված միջոցներ` այն վերադարձնելով պետության տնօրինությանը:
Խստացնել օրենսդրությունը` արհեստական մենաշնորհները սահմանափակելու եւ վերահսկելու նպատակով:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել