Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը և շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը և բաց շագանակագույնը: Դիմերես Թղթադրամի վերին մասում խորը տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը և «500» թիվը:
Թղթադրամի ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով փայլաթիթեղ (կինեգրամա), որն ունի շարժման և ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ։ Մասանց պահարանի պատկերի ձախ կողմում ուղղահայաց տպագրված է «Մասանց պահարան Նոյյան տապանի մասունքով», իսկ դրանից ձախ՝ ուղղահայաց, կարմիր գույնով՝ թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ՆՏ» տառերից (թղթադրամի սերիան) և վեց թվերից (թղթադրամի համարը): Համարանիշի վերևում հորիզոնական տպագրված է «500» թիվը, իսկ ներքևում՝ «2017» (թողարկման տարեթիվը) և «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» գրառումները։ Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է, հետին մասում երևում է Արարատ լեռը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերևում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով (երևում է նաև դարձերեսից)։
Թղթադրամի անվանական արժեքը թվերով տպագրված է ներքևի աջ մասում՝ խորը տպագրությամբ: Թղթադրամի աջ եզրին ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Արարատ լեռան մեջտեղի մասով անցնում է պատուհանաձև պաշտպանական ներգիծ, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, «լողացող» 3D վառ օղակներ և իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» և «AMD» ապամետաղականացված գրառումները։ Ներգծից աջ՝ ձիթենու ճյուղը կտցին աղավնու պատկերն է, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ և «լողացող» 3D վառ օղակ։ Թղթադրամի վերևի աջ հատվածում, մոխրագույնով տպագրված թղթադրամի համարն է՝ բաղկացած վեց թվերից: Տկարատեսների համար թղթադրամի վերևի աջ անկյունում կա շոշափելի կարմիր կետ: Դարձերես Թղթադրամի մեջտեղի հատվածում Նոյի ու նրա ընտանիքի անդամների, իսկ նրանց աջ ու ձախ կողմերում տարբեր կենդանիների ու թռչունների պատկերներն են՝ Արարատ լեռան համապատկերին:
Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրա ներքևում մանրատառաշարով՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերն են և «500» թիվը: Թղթադրամի վերևի ձախ անկյունում «500» թիվն է, ներքևի ձախ անկյունում՝ «ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» բառերը։ Թղթադրամի աջ մասում ուղղահայաց «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունն է, որից ներքև՝ «500» թիվը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել