Եվրոպական միությունը չպետք է սպասի խաղաղության համաձայնագրի հաստատմանը՝ Արցախում իր ներգրավվածությունն ունենալու համար: ԵՄ-ն պետք է իր հստակ քաղաքականությունն ունենա Արցախի նկատմամբ: Այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանն այդ տեսակետը հայտնեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը:
«Եվրոպական միությունը դեռևս չունի հստակ քաղաքականություն Արցախի հանդեպ: Կա ընդամենը մեկ նախաձեռնություն՝ Եվրոպական համագործակցություն Ղարաբաղում խաղաղության համաձայնագրի հաստատելու համար (The European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh (EPNK), որն ունի տարեկան բյուջե, և ծախսվում է համագործակցություն ստեղծելու հայերի և ադրբեջանցիների միջև: Սակայն այս ծրագիրը շատ մարտահրավերներ ունի: Նամակ էր ուղարկվել՝ իմանալու, թե որն է Եվրոպական միության քաղաքականությունը Արցախի հանդեպ, պատասխանել էին, որ Եվրոպական միությունը Արցախում կգործի միայն այն ժամանակ, երբ լինի խաղաղության համաձայնագիր»,-ասաց Նիկոլա Դավիթյանն ու հավելեց, որ ԵՄ-ն չպետք է սպասի խաղաղության՝ Արցախում գործելու համար:
ՀԲԸՄ-ի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանի կարծիքով ևս` ԵՄ-ն պետք է ունենա քաղաքականություն Արցախի նկատմամբ, որը պետք է շատ ավելի լայն լինի, քան EPNK-ն է:
Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանի համոզմամբ՝ կան հայամետ գործիչներ ԵՄ-ում, որոնց ազդեցությունն անսահմանափակ չէ: «Եվ այն պատճառաբանությունը, թե կլինի խաղաղության համաձայնագիր, ու ըստ դրա իրենք կկառուցեն համագործակցությունը, բավականին թույլ է: Չպետք է սպասել խնդրի լուծմանը, այլ հիմա արդեն պետք է սկսել համագործակցությունն Արցախում»,-եզրափակեց նա: