Ամեն անգամ մայրիկիս մոտ լաց էր լինում, ասում էր՝ մեռնում եմ, սիրում եմ Սաշին. Ալեքսանդր Բաբասյանը՝ դպրոցական մականվան ու հուշերի մասինLife.panorama.am-ը գրում է.
 Դերասան Ալեքսանդր Բաբասյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է իր դպրոցական տարիների մասին, խոսել մոտ ընկերների, նրանց հետ անընդհատ մեծ վեճերում հայտնվելու, աղջիկների համար կռիվի պատճառ դառնալու և բացարձակ  գերազանցիկ լինելու մասին:
 
«1989-ին ընդունվել եմ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցը, մինչև 7-րդ դասարան այստեղ եմ սովորել, այնուհետև տեղափոխվել եմ «Նեյրոն» բժշկական վարժարան: Արդյունքում երկու Վերջին զանգ եմ ունեցել, քանի որ վարժարան տեղափոխվելուց հետո էլ կապը պահում էի դասարանիս հետ: Ի դեպ՝ առաջին անգամ ալկոհոլ եմ խմել հենց Վերջին զանգի օրը. քանի որ ֆուտբոլով էի զբաղվում, առհասարկ մի գրամ անգամ ալկոհոլ չէի խմել, այդ օրը ընկերներս խաբեցին՝ ասելով, թե սփրայթ է, ես էլ խմեցի՝ առանց իմանալու, որ սփրայթի մեջ նաև օղի են լցրել, դրանից շատ չանցած հասկացա, որ գիտակցությունս կորում է: Ասեմ նաև, որ իմ անհամբեր տեսակիս պատճառով հետագայում չընդունվեցի Բժշկական համալսարան, չէի պատկերացնում, թե ոնց եմ տասը տարի սովորելու, հետո ևս տասը տարի աշխատելու՝ լավ մասնագետ դառնալու համար, դրա համար էլ վարժարանն ավարտելուց երեք ամիս առաջ մտքափոխվեցի և ընդունվեցի Պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտի կառավարում» բաժինը, ապա սովորեցի Մանկավարժական համալսարանի «Պատմաիրավաբանական» բաժնում: Ասեմ, որ չեմ ափսոսում, որ չգնացի երազանքիս հետևից և վիրաբույժ չդարձա, քանի որ հիմա գոհ եմ անցածս ճանապարհից, այսօր իմ տարիքում ունեմ ամեն ինչ, որը հաստատ նույն տարիքում չէի ունենա, եթե ընտրեի վիրաբույժի մասնագիտությունը»,- պատմեց դերասանը:
Ալեքսանդր Բաբասյանը հպարտությամբ խոստովանում է՝ բացարձակ գերազանցիկ աշակերտ է եղել. «Շատ լավ եմ սովորել, բացարձակ հինգերով եմ ավարտել: Մայրս մանկավարժ է, նրա մոտ ընդունելության քննությունների համար պարապում էի, այսօր մայրս խոստովանում է, որ ես եղել եմ իր լավագույն աշակերտը, ով միայն պարապմունքի ժամերին էր շտեմարանը բացում, բայց ընդունելության քննությանը ստացավ 19 միավոր, ընդ որում 20 չստացա՝ ջնջումներիս պատճառով, քանի որ այն տարիներին 5 ջնջումը մեկ բալ էր: Առանց չափազանցելու ասեմ, որ թե վարժարանում, թե համալսարաններում շտկումներ էի անում մեր հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցիչներին: Իսկապես անթերի գիտեի, քանի որ մեր ընտանիքում բոլորը լեզվաբաններ ու պրոֆեսորներ են եղել: Համալսարաններում լեկցիաներ չէի գրում, միայն մի քանի նախադասություն, բայց դա ինձ լրիվ բավարար էր: Շատ լավ էի տիրապետում բոլոր առարկաներին, անմիջապես յուրացնում էի: Համալսարանում անգլերենի դասախոսն անգամ ազատեց ինձ դասերից, քանի որ շատ լավ գիտեի ու կարիք չտեսավ դասերի գնալու»,- նշեց Ալեքսանդրը, բայց նաև հավելեց՝ գերազանց սովորելուն զուգահեռ սարսափելի չարաճճի է եղել.
 
«Չնայած լավ եմ սովորող, բայց կոմունիստ աշակերտ չեմ եղել: Եթե որևէ տեղ կռիվ էր լինում, ուրեմն ես մեջն էի, չափազանց կռվարար էի: Դպրոցում սովորելու տարիներին ընկերներով խմբակցություն էինք կազմել՝ «ՋՓՍ», որը նշանակում էր ջարդող-փշրող-սպանող: Մենք այս անունով վկայականներ էինք ստեղծել՝ մեր նկարներով, ստորագրություններով: Այս խմբով աննպատակ մտնում էինք տարբեր դասարաններ, դռները ներսից փակում էինք ու սկսում բոլորին ծեծել. հիմա հիշելիս՝ շատ եմ ծիծաղում, քանի որ դա անում էինք իսկապես առանց պատճառի: Ի միջիայլոց՝ այդ կռիվներից մեկի ժամանակ ապակիով հարվածեցին գլխիս, որի հետևանքով 15 սմ ապակի էր մտել գլխիս մեջ: Հիշում եմ՝ ինձ անմիջապես տարան մոտակա պոլիկլինիկա ու առանց ցավազրկելու 17 կար դրեցին, քանի որ ցավազրկող ճարելու ժամանակ չկար, արնաքամ էի լինում: Հավատացեք, թեև 6-րդ դասարան էի, բայց մինչ այսօր հիշում եմ պոլիկլինիկայի սպիտակ սալահատիկներն ու ասեղի ձայնը: Հիմա էլ, երբ մազերս կարճ եմ կտրում, այդ սպին երևում է,- պատմեց Ալեքսանդրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել