Aysor.am-ը գրում է.
 Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա մարտի 27-ին Թբիլիսիում ձերբակալել են ՀՀ քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին։

Վրաստանի ոստիկանության հաղորդման համաձայն, ձերբակալվածը որոնվում էր Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակում։

Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:

Ծանրացուցիչ հանգամանքներում  ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և  ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 2017 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ:

Նշված հանցագործության կատարմանը մասնակցելու կասկածանքով 2017 թվականի մարտի 22-ին ձերբակալվել են երեք քաղաքացիներ, այդ թվում՝ Սամվել Անդրանիկի Բաբայանը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել