Ծննդօգնության ծառայության բարելավման, ինչպես նաև  մայրական մահացության ցուցանիշի կրճատման նպատակով, ի թիվս իրականացվող բազմաթիվ աշխատանքների հանրապետության ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքները գնահատելու նպատակով  ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի   ղեկավարությամբ, որում ընդգրկվել են նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության, ինչպես նաև   հանրապետության առաջատար մասնագետներ։ 

 Առողջապահության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ. «Բժշկական հաստատությունների հետ կնքված պետական պատվերի պայմանագրերում ներառված կետերի համաձայն բժշկական հաստատության տնօրինությունը պարտավոր է կազմակերպչական աշխատանքներ իրականացնել բուժաշխատողների գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման համար։ Իսկ նախարարությունն իրավասու է իրականացնելու  գիտելիքների ստուգման գործընթաց և գիտելիքների գնահատման արդյունքների հիման վրա տնօրինությանը ներկայացնել հանձնարարականներ։

Թափանցիկության ապահովման և սուբյեկտիվիզմից զերծ մնալու նպատակով նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով։ Արդեն կազմվել են գիտելիքների գնահատման 200 թեստով էլեկտրոնային բազա և համակարգչային ծրագիր: Թեստավորվող  471 մանկաբարձ-գինեկոլոգները (որից 213-ը` մարզերից)  գրավոր պետք է պատասխանեն ծրագրի պատահական ընտրությամբ հանված  40 հարցի։

Հինգ անդամից կազմված հանձնաժողովը Վերատադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում առանձնացված և տեխնիկապես հագեցված սենյակում օրական կթեստավորի 10 մանկաբարձ-գինեկոլոգի:  Թեստավորվողը  հարցերի պատասխանները կլրացնի գնահատման  թերթիկում, որը կվավերացվի իր և հանձնաժողովի անդամների ստորագրություններով:  Այնուհետև   թեստավորվողի պատասխանները  կհամեմատվեն  ճիշտ պատասխանների հետ  և կտրվի գնահատական: Ողջ գործընթացը կտեսանկարահանվի։

Անցողիկ շեմը 40 հարցից 36 ճիշտ պատախանն է կամ 90%-ի   ճշգրտությունը: Շեմը չհաղթահարած մանկաբարձ-գինեկոլոգներին կրկնակի թեստավորման համար կտրվի 3ամիս ժամանակ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել