Lurer.com-ը գրում է.

ԼՈՒՐԵՐ.com-ը երեկ գրել էր, որ Շիրակի մարզիՇիրակ գյուղում սպանություն է տեղի ունեցել: 

Կրծքավանդակի ծակած-կտրած վերքով, ճակատային հատվածի և քթի սալջարդերով «Գյումրի» ԲԿ էր տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 55-ամյա բնակիչ Լյովա Հաջյանը, ով ստացած վնասվածքներից մահացել էր: 

Մեզ հետ զրույցում  համայնքի ղեկավար Խորեն Հարությունյանը կտրականապես հրաժարվեց որևէ բան ասել այն մասին, թե ինչու է տեղի ունեցել սպանությունը, ինչ վարկածներ են շրջանառվում, տղամարդը ինչ խնդիրներ է ունեցել և այլն: 

«Ոչ մի բան էլ առայժմ հայտնի չէ: Քննությունն ընթանում է, տարբեր վարկածներ կան: Գյուղացիների հետ վեճ չի եղել: Մինչև չճշտենք՝ չենք կարող ասել»,- ասաց համայնքի ղեկավարը: Մեր հարցից՝ գյուղում ինչ վարկածներ են շրջանառվում, Հարությունյանը վրդովվեց. «Գյուղում կարող է շատ բան խոսեն, ես գյուղացիներին չեմ հավատում: Մենք չենք կարող անտեղի բաներ խոսենք»: 

Համայնքապետի խոսքով՝ սպանվածը գյուղում ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել. «շատ խելոք, համեստ մարդ էր, զբաղվում էր հողամասի մշակմամբ, գյուղացիներին օգնելով»: 

ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնի դարձավ, որ սպանված Լյովա Հաջյանը գյուղապետարանի աշխատակից էր, բավական մտերիմ հարաբերություններ է ունեցել համայնքապետ Խորեն Հարությունյանի հետ: 

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը մեզ փոխանցեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Սույն արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:

Դատախազի փոխանցմամբ՝ գործի շրջանակներում կա կասկածյալ՝ Էդիկ Ա.-ն: Կասկածյալը ևս Շիրակ գյուղից է: Պատճառների մասով Շիրակի մարզի դատախազը նշեց՝ եղել է վիճաբանություն՝ կենցաղային հարցերի շուրջ, որն էլ ավարտվել է ողբերգությամբ: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: Կատարվում է նախաքննություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել