arman-melikyan-380x230-Պարոն Մելիքյան, երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Հայկական ուժերը կորուստներ են պատճառել հակառակորդին: Իշխանությունը սա որակում է որպես Ալիևի կողմից սաբոտաժ և նշում, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին համանախագահ երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները իրականություն դառնան: Այս քայլով Ադրբեջանն ի՞նչ ուղերձ է հղում:

-Շփման գծում իրավիճակը թեժ պահելու մարտավարությունն ադրբեջանական քաղաքական մոտեցումների ներդաշնակ և անքակտելի մասն է կազմում: Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հայկական կողմերի պատասխանատուները չընկալեն, որ միայն իրենց կողմից նախաձեռնված քաղաքական հակախաղն է ունակ լինելու կասեցնելու հակառակորդի այս ագրեսիվությունը: Մեր անգործունակությունը ևս այս առումով պայմաններ է ապահովում 1994 թվականին կնքված հրադադարի պայմաններում ճակատում պարբերական ցավալի մարդկային կորուստների համար: Մեր պատասխանատուները ձգտում են կոնսերվացնել իրավիճակը, մինչդեռ նախկինում թույլ տված բացթողումներն ու սխալները նման հնարավորություն մեզ այլևս չեն ընձեռում:

-Արդյոք հնարավո՞ր են լայնամասշտաբ պատերազմական գործողություններ:

-Այս պահին դրա հնարավորությունը շատ մեծ չէ, բայց և պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը լիովին բացառել չի կարելի: Անհրաժեշտ է սթափ գնահատել իրավիճակը՝ պատերազմն արդեն չոքել է մեր դռանը, և դրանից խուսափելու համար միայն հզոր բանակ ունենալն արդեն բավարար նախապայման լինել չի կարող: Մենք դիվանագիտական ու քաղաքական ակտիվ, խելամիտ և հեռատես գործողություններ կազմակերպելու ունակություն պետք է դրսևորենք:

-Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության մասին քննարկումներ չեն անցկացվում, սակայն Մոսկվան կարող է միայն ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այդ թվում նաև Թուրքիայի կառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Թուրքիան «կարող է դրական դեր խաղալ» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում:

-Ես կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ Մոսկվան հանգիստ կարող է Թուրքիայի հետ իր հարաբերություններում Անկարայի քիմքին հաճելի այս հայտարարությունն անել, շատ լավ իմանալով, որ պաշտոնական Երևանը ոչ մի պայմանով չի համաձայնի մեր այդ արևմտյան հարևանի դերակատարման ակտիվացմանը հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում: Դրանով ռուսները ցույց են տալիս, որ պատրաստ են գործակցել թուրքերի հետ նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման շրջանակներում, բայց, միևնույն ժամանակ, ոչ մի քայլ չեն ձեռնարկի, որպեսզի համոզեն ՀՀ իշխանություններին՝ ընդունելու թուրքական միջնորդական հավակնությունները: Այլ խնդիր է, որ այսպիսով Կրեմլը նաև Իլհամ Ալիևին է առարկայական ապացույց ներկայացնում առ այն, որ միանշանակ հայամետ պահվածք չունի:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի հայտարարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որտեղ նա չի բացառում Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակ շնորհելը:

-Եթե Արցախը ճանաչելու պահանջով միջազգային ճնշումների վերաբերյալ պաշտոնական Բաքվի մեղադրանքներն ակնհայտորեն ուղղված էին ԱՄՆ-ին ու, առհասարակ, արևմտյան տերություններին, ապա ինքնավար հանրապետության կարգավիճակ տալու խոստումը տրված էր Մոսկվայի համար: Չեմ բացառում, որ սա Արցախին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ ռուսական կողմից արված ակնարկի ալիևյան առարկայական մեկնությունն է, որը միանգամայն համահունչ է նաև ՌԴ դաշնային կառուցվածքի նորմերին ու տեղային էթնիկ հավակնություններ բավարարելու ստանդարտներին: Սա այն մարտահրավերներից մեկն է, որին ևս մենք պետք է կարողանանք առարկայական պատասխան տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել