Lurer.com-ը գրում է.

Ուզբեկստանում չեղյալ են հայտարարվել օգոստոսի 31-ին պլանավորված պաշտոնական հանդիսությունները՝ նվիրված երկրի Անկախության 25-րդ տարեդարձին:

Ինչպես նշում է BBC-ն, նախորդ տարիներին այդ օրը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հայտնվում էր հանրության առջեւ: Բայց նախօրյակին հայտնի է դարձել, որ նա հիվանդության ծանր տագնապ է ունեցել եւ հիվանդանոց տեղափոխվել ծանր վիճակում: Առայժմ պարզ չէ՝ արդոք տոնական միջոցառումները չեղյալ են հայտարարված նախագահի ծանր հիվանդութան պատճառով: Պարզ չէ նաեւ՝ կկայանա արդյոք ժողովրդական զբոսահանդես, որը տոնի կապակցությամբ սովորաբար անցկացվում է սեպտեմբերի 1-ին:

Ուղեղի արյան զեղում ախտորոշմամբ Քարիմովի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաեւան, այդ մասին օգոստոսի 29-ին գրել է «Ֆեյսբուք»-ում:

Նույն օրվա երեկոյան Միջին Ասիայի մասին «Ֆերգանա» լրատվական հրատարակությունը հայտնել է, որ Քարիմովը օգոստոսի 29-ին մահացել է հիվանդանոցում: Ռուսական գործակալությունները, վկայակոչելով Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրներ, գրել են, որ Ուզբեկստանի առաջնորդի մահվան վերաբերյալ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Օգոստոսի 30-ին ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում վերստին տեղեկատվություն է հայտնվել Իսլամ Քարիմովի վախճանվելու մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ հաղորդումները չի հաստատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել