168.am-ը գրում է.

«ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր հայտնի փաստաթղթերը ենթադրել են երկկողմանի զիջումներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:

Ալեքսանդր Ռարն ասաց, որ ապրիլյան քառօրյա ողբերգական ղարաբաղյան պատերազմից հետո, ըստ էության, հակամարտության գոտում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, բացառությամբ երկու նախագահական հանդիպումների, որոնց ընթացքում նախագահները խոսել են անուղղակի հարցերի շուրջ: Ըստ նրա, այդ հանդիպումների արդյունքներից նույնիսկ հասկանալի չէ, թե նախագահներն ինչ կետի են հասել բանակցություններում կամ հրադադարի շուրջ պայմանավորվածություններում:

«Սա խոսում է այն մասին, որ գործընթացն իսկապես չափազանց բարդացած է՝ հատկապես, երբ երրորդ հանդիպման մասին խոսակցություններ կային. այն պետք է կայանար Ֆրանսիայում, ապա խոսակցություն եղավ Ռուսաստանի մասին, իսկ այսօր ընդհանրապես լռության են մատնված բոլոր խոսակցություններն այդ հանդիպման շուրջ: Ամենայն հավանականությամբ, սա՝ այն պատճառով, որ անսպասելիորեն լարվեց Հայաստանի ներքաղաքական կյանքը, իսկ այսօր արդեն սահմանադրական փոփոխություններ են սպասվում Ադրբեջանում: Այս գործընթացները կողմերին էլ ավելի են հեռացնում կարգավորման գործընթացից, հատկապես, երբ, իմ համոզմամբ, սեղանին մի կողմի համար ամբողջովին ընդունելի փաստաթուղթ գոյություն չունի»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Ռարը:

Վերջինիս կարծիքով, եթե նույնիսկ նախագահական երկու հանդիպումների ընթացքում եղել են բովանդակային քննարկումներ, որոնք փորձագիտական հանրությանը հայտնի չեն, դրանք վստահաբար կարգավորման նախկին փաստաթղթերի և շրջանակների սահմաններում են: Գերմանացի վերլուծաբանի հավաստիացմամբ, այդ շրջանակները չափազանց հստակ են՝ Ղարաբաղի շուրջ առկա որոշ շրջանների հանձնում Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում: «Սա որևէ կողմի համար միակողմանի զիջում չէ, այս դեպքում երկու կողմից էլ պահանջվում են զիջումներ, կարծում եմ, որ միջնորդները հետաքրքրված են, որպեսզի հակամարտությունը կարգավորվի այս շրջանակներում, և որևէ կողմ իրեն պարտված կամ հաղթած չզգա»,- նկատեց գերմանացի վերլուծաբան Ռարը:

Հարցին, թե ինչո՞ւ են շրջանառվում կարծիքներ, թե Հայաստանին միակողմանի զիջումներ են պարտադրվելու, Ռարը պատասխանեց, թե իրեն հայտնի չէ` որտեղից են շրջանառության մեջ հայտնվում այդ տեղեկությունները: «Իմ տեղեկություններով, իմ ուսումնասիրությունների համաձայն, և Մադրիդյան սկզբունքները, և «Կազանի փաստաթուղթ» անվամբ հայտնի սցենարը ենթադրել են երկկողմանի զիջումներ: Եթե դա հայկական կողմի համար միակողմանի զիջում է, ապա գուցե հասարակական շատ ավելի ակտիվ քննարկումների անհրաժեշտություն կա՝ հասկանալու համար, թե կարգավորման ինչ տարբերակ է նախընտրելի հայ հասարակության համար»,- նկատեց Ալեքսանդր Ռարը:

Խոսելով այն հարցի մասին, թե ինչո՞վ է պայմանավորված կարգավորման գործընթացի շուրջ առկա լռությունը, երբ դրան զուգահեռ՝ տարածաշրջանային համագործակցության նոր մոդելներ են ձևավորվում առանց Հայաստանի մասնակցության` Ռարն ասաց, որ իսկապես տարածաշրջանում տարբեր իրադարձություններ են զարգանում դինամիկ կերպով, որոնք պայմանավորված են Սիրիայում տիրող իրավիճակով, Իրանի շուրջ ստեղծված նոր իրավիճակով ու ռուս-թուրքական մերձեցման գործընթացով:

«Սակայն կարծում եմ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում տիրող ներկայիս իրավիճակը` փակուղին, պայմանավորված է բացառապես հակամարտող երկրների տրամադրվածությամբ և այդ երկրներում տեղի ունեցող զարգացումներով: Ինչպես ասացի, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում փոփոխություններ են տեղի ունեցել և տեղի ունենում, որոնք չէին կարող չանդրադառնալ ԼՂ-ում տիրող իրավիճակի վրա, որից հակամարտող երկրներն օգտվում են»,- նման կարծիք հայտնեց Ռարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել