Դավիթ Լոքյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության  պատվիրակությանըYerkir.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել Պարենի համաշխարհային ծրագրի գործունեությունը և ընդգծել, որ արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքեր փրկելուն, երկարատև ճգնաժամերում ապրուստի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված կարողությունների զարգացումը անհրաժեշտություն է ցանկացած երկրի համար:

ՊՀԾ հայաստանյան ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Լուկա Մոլինասը նախարարին համառոտ ներկայացրել է ՊՀԾ-ի կողմից իրականացված աշխատանքները և նշել, որ ՊՀԾ-ն ընդլայնել է իր գործունեությունը` այն ուղղելով գյուղական վայրերում խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավմանը:

Պատվիրակության անդամները նախարարին տեղեկացրել են նաև, որ աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ՊՀԾ-ն իրականացնում է մի շարք միջոցառումներ` ուղղված արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնության ցուցաբերմանը և արագ արձագանքման կարողությունների գնահատմանն ու զարգացմանը: Նախարար Լոքյանը մեծապես կարևորել է մարդածին և բնական աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների կատարելագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակներում հատուկ պատրաստվածության միջոցառումների իրականացման, մարդասիրական օգնության տրամադրման համար անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման կարողությունների կատարելագործման, աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ համագործակցության խորացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ մարզերում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին: Մասնավորապես, կարևորվել է ծրագրի շարունակականության ապահովումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել