Armenpress.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրաիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող Halo Trust կազմակերպության թվիթերյան էջը:
Կազմակերպության թվիթերյան էջում նշվում է նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշել է, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչ»-ի բեկորներն են:
«Դրանք «Սմերչ»-ի այն բեկորներն են, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվել են ապրիլի 2-5-ը ռազմական գործողությունների ընթացքում»,- ասել է Հասրաթյանը:
Ջաբրաիլի մոտակայքում հայտնաբերված բեկորները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ ապրիլի 2-5 քառօրա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ «Սմերչ» է կիրառել:
The Halo Trust-ը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: Halo Trust-ը 6 000 սակրավորներով ականազերծման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում:
Կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ. և առաջին անգամ սկսել է գործունեություն ծավալել Աֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնված ականների հետևանքով: