1821959Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շույցը հարցականի տակ է դրել Թուրքիայի հետ 2016 թվականի հոկտեմբերից առանց վիզայի ռեժիմ սահմանելու հնարավորությունը: Այդ մասին նա հայտարարել է գերմանական Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:

Եվրախորհրդարանի նախագահի խոսքով՝ Բրյուսելը ակնկալում է, որ մինչ Եվրամիության կողմից Անկարայի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշում ընդունելը՝ նա տվյալների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների իրականացման առաջընթաց ցույց կտա:

«Թուրքիայի խորհրդարանում համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին քննարկումները պետք է սկսել անհապաղ: Եթե դա տեղի չունենա, եվրոպական ինստիտուտները այլևս չեն կարողանա պահպանել հայտարարված ժամկետները: Այդ դեպքում ես չեմ պատկերացնում, թե ինչպես հնարավոր կլինի հոկտեմբերից առանց վիզայի ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար»,- ընդգծել է նա:

Շուլցը նաև քննադատել է այն սպառնալիքները, որոնցով ավելի վաղ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ հայտարարելով, թե Անկարան կարող է չեղարկել ԵՄ-ի հետ փախստականների վերաբերյալ համաձայնությունը: Շուլցի կարծիքով՝ սպառնալիքները «ադեկվատ քաղաքական մեթոդ» չեն, իսկ նմանատիպ հայտարարությունները ոչ միայն «չեն ազդի եվրոպացիների վրա», այլև կունենան հակառակ արդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել