Lurer.com–ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անմեղ մարդկանց նետում է բանտերը, իսկ նրա կինը` խորհրդարանի պատգամավոր Մեհրիբան Ալիեւան հանդես է գալիս ներման մասին նախաձեռնություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը, այդ իրողությունը բացահայտող ծաղրանկար է հրապարակել ադրբեջանցի ծաղրանկարիչ Շաիք Ջաֆարովը:

«Այսպիսով, ամուսինը` նախագահ Ալիեւը շինծու մեղադրանքներով անմեղ մարդկանց նստեցնում է բանտերում, իսկ նրա կինը` Հեյդար Ալիեւի անվան բարեգործական հիմնադրամի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մեհրիբան Ալիեւան հանդես է գալիս ներման մասին նախաձեռնություններով, որոնցով ազատ են արձակում որոշ աղմկահարույց քաղբանտարկյալների: Ամնիստիայով եւ ներումներով նախագահ Ալիեւը լուծում է իր արտաքին քաղաքական խնդիրները` չեզոքացնելով երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետ կապված արտասահմանից իր վրա ճնշումը, իսկ առաջին տիկին Մեհրիբ ան Ալիեւան բարեգործի իր վարկանիշը պահպանում է նման հարահոսի շնորհիվ», -գրում է կայքը` նշելով, որ Շաիք Ջաֆարովի ծաղրանկարը նվիրված է Ադրբեջանում Ալիեւների ստեղծած հենց այդ պարադոքսային իրավիճակին:

Կայքը գրում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետազոտող-լրագրող Խադիջա Իսմայիլովայի պայմանական ազատումը բանտից Ալիեւները կատարել են միջազգային հզոր ճնշման շնորհիվ: Իսկ այսօր նույն Ալիեւների հանձնարարությամբ Բաքվում ձերբակալվել են NIDA երիտասարդական շարժման ակտիվիստ Ամիդ Սուլեյմանովը եւ լրագրող Էլնուր Մուխտարը:

Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում դա երրորդ երիտասարդ ակտիվիստի ձերբակալությունն է: Ավելի վաղ Հեյդար Ալիեւի արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներեն եւ անգլերեն Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի համակարգը) գրություններ անելու համար ձերբակալվել են NIDA-ի ակտիվիստ Բայրամ Մամեդովն ու «Ձախ ճակատի» անդամ Գիյաս Իբրահիմովը:

Օրերս Մեհրիբան Ալիեւայի նախաձեռնությամբ Ադրբեջանի խորհրդարանը չորորդ համաներումն է հայտարարել, որով պետք է ազատ արձակվեն 3500 բանտարկյալներ, որոնց մեջ, սակայն, ոչ մի քաղբանտարկյալ չկա:

Մարտի վերջին ներում էր շնորհվել մի խումբ բանտարկյալների, որոնց մեջ 15 քաղբանտարկյալներ են եղել: Ալիեւն այդ առիթն օգտագործել էր Վաշինգտոնում միջուկային գագաթաժողովին մասնակցելու հրավեր ստանալու եւ նախագահ Բարաք Օբամայի ու պետքարտուղար Ջոն Քերիի հետ լուսանկարվելու համար:

Կայքը հիշեցնում է, որ միջազգային կազմակերպություններն Իլհամ Ալիեւին «Մամուլի թշնամի» են հայտարարել:

Meydan TV-ն ավելի վաղ Ալիեւների այսօրվա Ադրբեջանի մասին գրել էր.

«Ադրբեջանն այսօր մի երկիր է, որում ոստիկանության, անվտանգության ծառայությունների եւ դատախազության քննիչ-հետաքննիչները կարող են ժպիտը շուրթերին սեռական հարաբերություն կազմակերպել կասկածյալի կնոջ հետ նրա երեխաների եւ ազգականների ներկայությամբ:

Ադրբեջանն այսօր այն երկիրն է, որտեղ կասկածյալին կարող են սպառնալ ոստիկանական մահակի կիրառմամբ սեռական ակտով, եւ այդ սպառնալիքն իրականացնել տեսանկարահանումով ապագա շանտաժի համար:

Ադրբեջանն այսօր մի երկիր է, որում իշխանության մարմիններում, սկսած պետության ղեկավարից մինչեւ բանտապահ, «պատվի» եւ «խղճի» մասին խոսքերն ունեն ամենախեղաթյուրված իմաստը»:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են Ադրբեջանում 100-ից ավելի քաղբանտարկյալների առկայության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել