Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Պարադոքսալ վիճակ է ստեղծվել հայոց աշխարհում։ Թվում է՝ այսօր մենք թաղում ենք իշխանությունների սխալ աշխատանքի, թերացումների պտուղները։ Եվ դա արտահայտվում է ինչպես ռազմի գծում՝ բանակի վատ մատակարարումների, հետախուզության թերացումների, հակառակորդի գործողություններին դանդաղ արձագանքելու և այլ դրսևորումներով, այնպես էլ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում և, մասնավորապես՝ 92–94թթ. պատերազմում հաղթելուց հետո Ղարաբաղի խնդրի լուծման հարցում ոչ մի հաջողություն, փոքրիկ առաջընթաց անգամ չարձանագրելու ձևով։ Եվ թվում է, թե հասարակությունը պետք է այսօր պահանջատեր լիներ ու իրական իշխանափոխության ձգտեր, սակայն տրամագծորեն հակառակ պատկերն է ստեղծվել, իշխանությունը երբեք այսքան պաշտպանված, երբեք այսքան գովերգված ու հարգված չի եղել, ինչպես հիմա։

Այս ֆենոմենի բացատրությունը, անշուշտ, պետք է քաղաքագետներին ու հանրային հոգեբանությամբ զբաղվողներին հետաքրքրի. սա, թերևս, մեր ազգի առանձնահատկություններից բխող իրողություն է Իսկ մենք՝ լրագրողներս, ընդամենը կարող ենք արձանագրել, որ պատերազմը, բանակցային պրոցեսում անհաջողությունները, մարդկային և այլ կորուստները բարձրացրել են իշխանությունների ռեյտինգը և ավելի ամրացրել նրա դիրքերը։ Եթե այսպես շարունակվի, ապա 2017-ի ընտրություններին մենք կհայտնվենք Հանրապետական կուսակցության լիակատար հաղթանակի համար խիստ նպաստավոր իրավիճակում, երբ ոչ մի ընդդիմություն չի կարող մրցել նրա հետ։ Եվ երկրի կառավարման համար անհրաժեշտ իշխող մեծամասնությունը կձևավորվի հենց առաջին փուլում՝ առանց դժվարությունների։ Իսկ եթե, Աստված ոչ արասցե, պատերազմն ավելի լայն մասշտաբներ ստանա, ապա ընդդիմությունը պետք է «հրաժարական» տա և ասպարեզը թողնի իշխանություններին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել