Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն Rheinische Post թերթին տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի խորհրդարանին զգուշացրել է չընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:

«Պատմական դեպքերի մասին դատելը չի մտնում ազգային խորհրդարանների իրավասության ներքո: «Ցեղասպանությունը» իրավական հասկացություն է, որն ամրագրված է Ժնևյան կոնվենցիայով:

Քաղաքական գործիչների դեպքում անկարելի է բացառել, որ նրանք կառաջնորդվեն քաղաքական կամ կրոնական դրդապատճառներով»,- ասել է նա:

Թուրք դեսպանը կասկած է հայտնել, որ Բունդեսթագը, ընդունելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, դրանով իսկ կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը.

«Երկու ժողովուրդները պետք է շուտափույթ համագործակցություն սկսեն պատմության ողբերգական այդ հատվածի վերաիմաստավորման գործով: Մենք առաջարկել ենք ձևավորել պատմաբանների համատեղ հանձնաժողով»:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խոհրդարանական խմբակցության ղեկավար Թոմաս Օփերմանը կարծիք է հայտնել, որ Բունդեսթագը հունիսի 2-ին կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել