Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանը Ջեբրաիլի հատվածում միայնակ պայքար է մղել թշնամու 8 տանկերի դեմ՝ խոցելով 3-ը, և նահատակվել: Տիգրանի եղբայրը վստահ է՝ նա բոլոր տանկերը կխոցեր, եթե նրա տանկի դեմ ֆագոտ (hակատանկային հրթիռային համակարգ.- Ռ.Մ.) չկիրառեին:

Ժորա Աբգարյանը եղբորը ժպիտով է հիշում, քանի որ Տիգրանը միշտ բողոքել է եղբոր լուրջ դեմքից: Տիգրանը չի սիրել նաև, երբ շուրջը լուռ է եղել. նա իր ներկայությամբ բոլորին ժպիտ ու ուրախություն է պարգևել: Հարազատները հիշում են՝ երբ Տիգրանը գալիս էր տուն, բակից արդեն նրա ձայնը լսվում էր, ու այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե մի քանի հոգի է տուն մտնում:

;;;

168.am-ի հետ զրույցում Տիգրանի հայրը՝ Արամ Աբգարյանը, պատմեց, որ որդին մինչև երեք տարեկան հասակը չի խոսել, հետո սկսել է քիչ-քիչ խոսել. «Դպրոցական վերջին տարիներին բացվեց, ու այդքան տարիներին որ չէր խոսել, սկսեց արագ-արագ խոսել, որ հասցներ, ու հասցրեց…»:

image (24)

Մայրը՝ Գոհար Աբգարյանը, վառ դրվագներ է հիշում որդու մանկությունից. «Ձմեռ էր, առատ ձյուն էր եկել, Տիգրանս փոքր էր, ամբողջ փողոցի ձյունը հավաքեց, բերեց-լցրեց մեր բակը, հետո ասացի՝ էս ի՞նչ ես անում, ասաց՝ դու չգիտես: Փոքր բահ ուներ, ձյան մեջ փորեց, անցում բացեց ու պառկեց մեջը: Չէր մրսում ընդհանրապես: Խաղող քամելու ժամանակ մտնում-լողանում էր, ոտքերը մաքուր լվանում ու մտնում էր խաղող ճմռելու: Շատ համեղ գինի էր ստացվում»:

Տիգրանը սիրված էր ընկերների, հարազատների, բոլոր իրեն ճանաչողների կողմից, իսկ հիմա նրան սիրում են բոլորը: Օրերս Գյումրիում ծնված նորածնին անվանակոչել են Տիգրանի անունով՝ ի պատիվ հերոս տանկիստի: Կենսախինդ Տիգրանը սիրում էր կյանքը ու լեցուն էր կյանքով:

Ժորա Աբգարյանը պատմում է, որ եղբայրը դպրոցական տարիներից սիրում էր սպորտը և զբաղվում կենպոյով, սիրում էր նաև մեքենա վարել. «9 տարեկանից մեքենա էր վարում: Սիրում էր արագությունը: Բանակից առաջ «Բրաբուս» ունենալու մասին էր երազում, իսկ երբ բանակ գնաց ու դարձավ տանկիստ, իր համար տանկն ավելի լավը դարձավ»: Տիգրանի հայրն էլ է բանակում տանկիստ եղել, բայց նա նշում է, որ որդու իմացածի կեսն էլ չգիտեր, իր տղան 6 ամսում ամեն ինչ սովորել էր:

Տիգրանի մտերիմ ընկեր Շահեն Սուքիասյանը պատմում է՝ բանակում զորավարժության ժամանակ Տիգրանը տանկով այնպիսի հնարքներ է կատարում, որ բոլորն ապշած են մնում. «Տանկի մաքսիմալ արագությունը 65 կմժ է, Տիգրանը 75-80 կմժ արագությամբ է վարում: Հաղթահարում է բոլոր արգելքները, ու արագ վարելու շնորհիվ՝ թումբերի վրայով թռչում: Զորավարժության ժամանակ, տեսնելով Տիգրանի «մանյովրները», գնդապետը կանչում է նրան: Տիգրանը սկզբում չի իջնում, հետո որ երկրորդ անգամ են հրաման տալիս, ստիպված իջնում է, տանկի շուրջ պտտվում, ստուգողական զննումն անցկացնում, նոր մոտենում է գնդապետին: Գնդապետը ջղայնացած ասում է. «Զինվո՛ր, էս ի՞նչ ես քեզ թույլ տալիս, երկու անգամ պետք է հրամայե՞մ»: Տիգրանս էլ պատասխանում է, որ նախ՝ իրավունք չունի տանկը լքել, և երկրորդ՝ պարտադիր ստուգողական զննում պետք է կատարի, հետո նոր հեռանա տանկից: Գնդապետը տեսնում է, որ գերազանց զինվոր է, սկսում է հարցեր տալ, պարտականություններից է հարցնում, Տիգրանը բոլոր հարցերին պատասխանում է ու շնորհակալագիր ստանում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել