Shamshyan.com–ը գրում է.

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Երևան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի 15 LO 370 համարանիշի ու «Kia» մակնիշի 198 LO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մահացել է. 3-ը «Mercedes»-ից, 3-ը` «Kia»-ի, որի ևս 1 ուղևոր` անչափահաս երեխա, տեղափոխվել է հիվանդանոց: Նշենք, «Kia»-ն տաքսի ծառայության մեքենա էր:

Այս պահին վթարի վայր են ժամանում Գեղարքունիքի մարզի հրշեջ-փրկարարները` ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները:

Մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի կարգադրությամբ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը: Երևանից դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Արման Ցոլակյանը, ով դեպքի մասին հեռախոսով տեղեկություններ է անընդհատ հաղորդում ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել