Iravaban.net-ը գրում է.
Ապրիլի 30-ի գիշերը Թալիշում ծանր վիրավորվել է 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Նա տեսել է՝ ինչպես ընկերներից Վազգեն Հարությունյանը ընկավ և 200 մետր կրակի տակ առաջ է գնացել՝ ընկերոջը դիրքեր բերելու համար: Ցավոք, այդ պահին ինքն էլ ծանր վիրավորվել է. այս մասին Իրավաբան.net-ին պատմեց նրա քույրը՝ Ինգա Գասպարյանը: Քրոջ խոսքով՝ Սարգիսի հերոսական քայլի մասին պատմել է սահմանապահ ընկերներից Սասուն Սահակյանը, ով էլ փրկել է իր եղբոր կյանքը:
«Երբ Սարգիսը գնացել է Վազգենին փրկելու, նա դեռ ողջ է եղել: Սարգիսը մի տղայի հետ միասին Վազգենին տարել են դեպի շտապօգնության մեքենան: Ցավոք, Վազգենը վիրավորված է եղել կոկորդից…»: Դրանից հետո, երբ Սարգիսը վերադառնալիս է եղել դիրքեր, գնդակը նրա ոտքին է դիպել, այնուհետև վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ փամփուշտները մի կողմից մտնել, մյուս կողմից դուրս են եկել, ինչի հետևանքով ներքին բոլոր օրգանները, բացի, սրտից վնասվել են: «Ինչպես պատմում է նրան փրկած Սասունը, Սարգիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել, նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենու՞մ ես»: Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Ինձ մի քիչ թույլ եմ զգում»,- պատմեց Սարգիսի քույրը: Սասունը նրան արագ հասցրել է շտապօգնության մեքենայի մոտ: Թալիշից Մարտակերտ ճանապարհը բավականին երկար է տևել, շուրջ երկու ժամ հետո են կարողացել հասնել հիվանդանոց: Մարտակերտում նրան շտապ վիրահատել են և վիճակը փոքր-ինչ կայունանալուց հետո տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենադանցման բաժին: Իրավաբան.net-ին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ներկայումս Սարգիսի վիճակը կայուն ծանր է:
«Ստեփանակերտի հոսպիտալի վիրավորներից ամենածանրը իր վիճակն է, ինչպես ասում են բժիշկները: Բժիշկներն արեցին այն, ինչ հնարավոր էր: Ուղղակի պետք է աղոթել…»,- ասաց քույրը: Երեք տղաներն էլ Շուշիից են: Սարգիսը ժամկետային զինծառայությունն ավարտել էր այս տարվա փետրվարի 5-ին, սակայն պատերազմական իրավիճակի սրացման ժամանակ ապրիլի սկզբին որպես կամավորական մեկնել է առաջնագիծ: Սարգիսը ուսանող է, սովորում է Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի երկրորդ կուրսում: Ի դեպ, մեզ հետ զրույցում նա նշեց նաև, որ եղբայրը այդպիսի ծանր վիրավորում ստացել է, քանի որ հագին զրահաբաճկոն չի եղել. «Զրահաբաճկոնի պահն այդքան էլ հասկանալի չէ՝ չեն տվել, թե՞ տղաները ուղղակի չեն հագել»: