Aysor.am-ը գրում է.
Արցախի հարավային ուղղությամբ Ստեփանակերտից շարժվում ենք առավոտյան: Մեզ համար ժամը շուտ է, բայց երբ տեղի հրամանատարներից մեկին ասում ենք՝ «դե կեսօրին կհասնենք ձեզ մոտ», կատակում է՝ «է կեսօրին գալիս եք ո՞ր ինչ: Հենա ասեք օրը պրծավ էլի»: Ժամանակի չափումները մեր ու զինվորականների մոտ՝ հատկապես այս օրերին, շատ տարբեր են:
Հարավային այս հատվածներ այցելությունիցս մի տարի է անցել, մեջտեղում՝ մի պատերազմ: Հիշում եմ նախորդ անգամ աչքիս եկած տեսարաններն ու համեմատում հիմայի հետ: Գրեթե նույնն է: Միայն դեղին ծաղիկները չկան՝ երևի դեռ չեն ծաղկել, ու ճամփեզրին զինվորներն են շատ՝ ինժեներական աշխատանքներից կարմրած՝ ժպիտով ու սիրուն: Մեր վարորդն արդեն գիտի՝ ամեն խմբի մոտով անցնելիս մեքենայի ազդանշանով՝ «սիգնալով» բարևում է տղերքին: Իրենք՝ մեզ: Մտածում եմ՝ հիմա կասեն՝ «էս քաղաքացիք էլի գնում գալիս են ավտոյով, իրանց ի՞նչ կա, հարմար կգնան-կգան, ստեղ մնացող գործ անողն ու շոգողը մենք ենք»:
Արդարացում չեմ փնտրում ինքս ինձ, ես համամիտ եմ:
Հարավային ուղղության զորամիավորումներից մեկի շտաբ ենք հասնում: Պատուհանից տեսած դաշտավայրերն ու բլրակներն այստեղ արդեն քարտեզի տեսքով են: Նայում ենք ուղղության ապրիլի 1-ի լույս 2-ի ու հետագա մարտերի քարտեզը՝ վրան կարմիր-կապույտ գծեր են, ծայրում՝ N համարի հենակետը: Դիրք, որտեղ կասեցվեց հակառակորդի առաջխաղացումն ու որը պահելու շնորհիվ՝ ձախողվեցին ադրբեջանական իրական պլաններն այս ուղղությամբ:
-Կարո՞ղ ենք գնալ N համարի հենակետ:
-Կգնանք,- ստանում եմ պատասխանը:
Լալա Լագա, Լալե Թեփե, Լալա Իլագին՝ բարձրությունը 270 մ
Դիրքն, ուր շարժվում ենք ապրիլյան օրերին մի քանի անունով հայտնի դարձած Լալա Լագա, Լալե Թեփե կամ Լալա Իլագին «բարձունքի» մոտ է: Առանց թերագնահատելու թշնամուն՝ տարրական աշխարհագրական գիտելիքները կստիպեն տեսնողին այն ոչ թե բարձունք, այլ գոնե բլրակ անվանել: Հատկապես, որ այն դիտարկում ենք ճիշտ նույնքան բարձրություն ունեցող մեր մեկ այլ դիրքից:
«Իսկ մի քիչ թիկունքում մի քանի բարձունք ունենք, որ 300 և ավելի մետր են: Բոլորը միայն ասում են բարձրադիր են, բա եթե հիմա մենք իրենց զուգահեռ բարձրության վրա կանգնած ենք էլ ո՞նց եղան բարձրադիր»,- բացատրում է մեզ ուղեկցող, այս ուղղությամբ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանն ու շեշտում՝ մեր բոլոր դիտարկվող տեղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ինժեներական աշխատանքները կատարված են:
«Մի քանի օրում այ էսքան ճանապարհներն անվտանգ դարձրինք»,- ասում է գնդապետն ու ցույց տալիս թիկունքում եղած փոս-ճանապարհները, որոնցով էլ եկանք այստեղ.
«Բոլորն են օգնել՝ կամավորները, գյուղացիները, գալիս հավաքվում էին, թե օգնենք միասին ավելի արագ հողային աշխատանք կանենք»,- ավելացնում է գնդապետը:
Նրա հետ բարձրանում ենք հենց այն՝ N համարի հենակետը, որը ևս բարձարդիր հատվածում է.
«Գիտե՞ս ստեղով էդ օրերին ինչքան ենք բարձրացել իջել՝ զինամթերք բերել, վիրավոր իջեցրել, քանի անգամ քիչ էր մնում սայթաքենք, բայց պահում էինք մեզ»,- պատմում է Արարատ Մելքումյանն, ու ես փորձում եմ ավելի զգույշ բարձրանալ ու հանկարծ չսայթաքել՝ ասածից հետո ամոթ է:
Նվերը, Ազնավուրը, Ղարիբը
Մինչև հենակետ՝ բուն գործողությունների վայր տեղափոխվելը, իր տեղակայման վայրում հանդիպում եմ ավագ լեյտենանտ Արամին (անունը փոխված է- հեղ.):
Արամն օրեր առաջ նախագահից «Արիության մեդալ» է ստացել, այս ուղղության հատուկ նշանակության վաշտի, առաջին հատուկ խորքային հետախուզական խմբի հրամանատարն է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերից հինգ օր ծառայակիցների հետ մնացել է N հենակետում:
«Մեզ խնդիր դրվեց՝ պահել այդ հենակետն ու դրանով ջարդել թշնամու առաջխաղացումը: Մենք արեցինք»,- զինվորականի պարզությամբ պատմում է հետախույզն ու միանգամից ավելացնում.
«Իմ խմբից ես կորուստ ունեցա՝ Սիմոնյան Նվերը, երկու տղա էլ մեր վաշտի մյուս խմբերից զոհվեցին՝ Բալայան Ազնավուրն ու Սահակյան Ղարիբը՝ Գարիկ էինք ասում իրան»:
Նվեր Սիմոնյան (1990թ.), Ազնավուր Բալայան (1987թ.), Ղարիբ (Գարիկ) Սահակյան (1987թ)
Զրույցի հետագա ամբողջ ընթացքում Արամն իր ընկրներից է պատմում, նույնիսկ, երբ անձամբ իր վերաբերյալ եմ հարց տալիս.
«Իրենց մասին այնքան բան կա հիշելու: Նվերից վերջին օրն եմ հիշում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ից արդեն ակտիվացավ մեր ուղղությունը: Վաշտնի վերկաց տրվեց: Նվերն արձակուրդում էր, զանգեցինք եկավ: Բարձր հրամկազմի կողմից պարգևատրման մի ժամացույց ուներ, լավ դիպուկահար էր, շատ խնդիրների էր մասնակցել, եկավ, տեսնում եմ այդ թանկարժեք ժամը կապել է: Ասում եմ՝ «Նվեր, էս ժամը խի՞ ես կապել»: Ասում է՝ «էէ, հրամանատար, մի բան որ լինի, ասում եմ էս ժամով ինձ ճանաչեն»: Ջղայնացա վրեն՝ «Ասեցի, չե՞ս ամաչում: Դու հլը պսակվելու ես, հարսանիքիդ էլ պարենք…»: Նշանված էր: Ծիծաղացինք միասին էդ առավոտ»:
Մարտը
Արամը հիշում է՝ սկզբում N հենակետ գնացին մի վիլիսով.
«Ես էի, գնդապետ Արարատ Մելքումյանը, իր վարորդը, Նվեր Սիմոնյանը, Ազնավուր Բալայանը: Մեզ համար «յաչեյկեք» սարքեցինք ու ամրացանք: Այդ ընթացքում հակառակորդը հրետակոծում էր այստեղ բերող ճանապարհները՝ նենց որ վերցրեցինք հնարավորության սահմաններում շատ զինամթերք՝ փամփուշտներ նռնակներ, դիպուկահարներ: Տղերքը՝ Նվերը, Ազնավուրն ու Գարիկը նռնականետորդներ էին: Ամրացանք: Հենց առաջին ժամերին մեր Ազնավուրը հակառակորդի մի զրահատեխնիկա շարքից հանեց: Իրենք անընդհատ փորձում էին ճեղքել, անցնել այդտեղով, մենք՝ պահում էինք: Հետո մեր վաշտից օգնողներ եկան: Պատկերացնելու համար պիտի ասեմ, որ մեր այդ դիրքը վերջինն էր՝ մեր ու հակառակորդի միջև, կիսում էր մեզ ու իրանց: Այնպես որ՝ պահելը շատ կարևոր էր»,- հիշում է Արամն ու շարունակում.
«Այդ ընթացքում խնդիր եղավ նաև մեր կողմից ճեղքում անելու ու այդ ուղղությամբ մեր դիրքերից մեկը հետ վերցնելու: Մի քանի հոգով գնացինք՝ իրենցից մի քանի հատուկջոկատային սպանվեց այդտեղ: Ուզում եմ բացատրել, որ ոչ միայն պաշտպանվում էինք, մի բան էլ առաջ էինք գնում: N դիրքում մնացինք մինչև ապրիլի 4-ի գիշերը: Տղերքն ապրիլի 3-ի առավոտյան զոհվեցին»,- Արամը փորձում է ինձանից փախցնել հայացքն ու էլի մարտից անցնում հիշողություններին.
«Նվերը շատ կատակներ էր անում, ասում էր՝ «է էդքանովդ ու՞ր եք գալիս, ես հեսա մենակով գնամ էն թումբը վերցնեմ գամ»: Ու մեկ էլ հիշում եմ, N հենակետում միասին անցկացրած երեք օրերից մեկն էր, դե թուրքերեն «աթաշ» նշանակում է կրակել: Նվերը վերցրեց նռնականետը դրեց ուսին ասեց՝ «եկա Ալիև՝ աթաշ»: Դրանից հետո կրակեց, բերանը չէր փակել կրակելուց, ականջները մի քանի րոպեով խլացան, գնացի ասում եմ՝ «հն Նվեր, ո՞նց ես»: Ծիծաղաց ասում ա՝ «էհ, հրամանատար աթա՜շ»: Ազնավուրն էր, միշտ կատակներ անում: Հենակետում դիրքավորված՝ շոգ, փոշի, նստած ենք՝ ասում էր «կամանդիր, չհելնե՞նք մի հատ Մարտունի լավ լողանանք հետ գանք»: Գարիկը … Ամեն առավոտ զարթնում, ասում էր՝ «լավ ա, էսօր էլ ապրեցինք հրամանատար»: Երեք երեխա ուներ փոքր, շատ էր դողում իրանց վրա, դրա համար էլ մտածում էր: Օրինակ Նվերն էլ, իր ախպոր վրա էր դողում: Հարազատ փոքր ախպերը՝ Ազատը, էլի ծառայող է, մեր վաշտից: Միշտ անհանգստանում էր Ազատի համար, ասում էր՝ մի բան չլինի: Բայց նենց եղավ, որ ինքն ախպոր ձեռքերում զոհվեց»,- պատմում է Արամն ու միանգամից ավելացնում.
«Իրականում կռվում պիտի սառը լինես: Հիմա Նվերի եղբայրն ուզում է հետ գա ծառայության, ասում ենք՝ դեռ շուտ է, տաք-տաք որոշումներ կկայացնի: Գիտեք, որ զոհվում են տղերքը՝ ցավ է, շատ մեծ, բայց պիտի հասկանաս՝ ընկերդ զոհվեց, իսկ մարտը դեռ շարունակվում է: Կան վիրավոր տղերք, ում կարող ես օգնել ու ում օգնելու համար պիտի սթափ լինես: Երևի այդպես էլ պահեցինք էդ դիրքը»:
Նվեր Սիմոնյանը, Ղարիբ (Գարիկ) Սահակյանն ու Ազնավուր Բալայանը զոհվում են ապրիլի 3-ի առավոտյան՝ հակառակորդի տանկի հարվածից՝ երեք օր կռիվ տալուց հետո:
Դիրքը, որում հաղթել են
Վերադառնալով դիրք. Արարատ Մելքումյանն արդեն այստեղ պատմում է գրեթե նույնն, ինչ Արամը: Միայն թե ավելացնում՝ շատ էր օգնում հակատանկային բրիգադը.
«Մեզանից մի քիչ այնկողմ էին աշխատում: 5 տանկ խփած Մարատն ու իր ծառայակիցներն են ստեղ եղել: Ապրիլի 2-ից սկսեցին սաղ տանկերը «թխել» (խոցել՝ արցախյան բարբառ- հեղ.): Դա մեզ շատ էր օգնում: Այդպես էլ պահեցինք մեր այս կանգնած տեղը»,- պատմում է գնդապետը:
Իրենից էլ եմ Նվերի, Գարիկի, Ազնավուրի մասին հարցնում, ասում է.
«Մի բան պատմելու փոխարեն պտտվի դիրքում, ինքդ տես՝ քանի՞ նռնականետի կրակած «պարկուճ» կա: Այ էդքան էլ Նվերը, Գարիկն ու Ազնաուրը աշխատել են: Այստեղից 300-ից ավելի միայն նռնականետ են կրակել էդ երեք երեխեն: Ապշում էի՝ որտև ինչ զենք տալիս էիր կարողանում էին հիանալի տիրապետեն՝ դիպուկահար, նռնականետ: Ու ամբողջ ընթացքում ժպիտով»:
Պահելով N հենակետը՝ հարավի ուղղության զինծառայողները հակառակորդին պարտադրեցին հրաժարվել ճեղքման սեփական պլանից ու դարձրեցին իրենց իսկ առաջխաղացման պատանդը: Այս բարձրադիր հատվածում հաղթանակ տանելու շնորհիվ՝ կարողացան պահպանել ոչ միայն վերահսկողությունը շփման գծի այս հատվածում, այլև վերահսկողությունը հակառակորդի այդքան քննարկված «նվաճման»՝ Լալա Լագայի նկատմամբ, որը լիովին դիտարկվում է այստեղից:
ՊԲ հարավային ուղղության այս N հենակետում՝ հրամանատարն ու զինվորը միասին այստեղ հաղթել են. եղանակին, անհարմարությանը, եսասիրությանը, կարոտին, զինվորական կոչումներին, վախին, մահին ու հետո նոր միայն՝ հակառակորդին:
Այս գործողությունից հետո Արամը պարգևատրվում է «Արիության մեդալով», Արարատ Մելքումյան՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
Ղարիբ Սահակյանը, Ազնավուր Բալայանն ու Նվեր Սիմոնյանը՝ «Մարտական ծառայություն մեդալով». հետմահու: