Tert.am-ը գրում է.
Tert.am -ի հետ զրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն  անդրադառնում է քառօրյա պատերազմից հետո հասարակական  քննարկումներում գերիշխող այն գաղափարին,  որ  երկրին պետք է արդարություն և դրանից բխող հարցադրմանը,  թե այդ մասին ինչ ընկալումներ, պատկերացումներ ու գաղափարներ կան իշխանության ներսում:
 
-Պարոն Մարտիրոսյան,  վստահ եմ, որ  ՀՀ Նախագահի հետ փակ հանդիպման մանրամասների մասին ասելու եք` «փակ հանդիպում է», սակայն Ձեր կուսակիցներից մեկն այսօր գաղտնազերծել էր որոշ մանրամասներ` ասելով, որ Նախագահն ասել է, որ սրանից հետո, ով իր տեղում չէ, ազատվելու է: Իրո՞ք նման միտումներ կան պետական կառավարման համակարգում:

-Ոչ, նման բան չի ասվել: Ընդամենը կազմակերպչական հարցերի շուրջ քննարկում է եղել, ինչպես պարբերաբար տեղի է ունենում Հանրապետական  կուսակցության ներսում` խմբակցության մեջ, ՀՀ նախագահի հետ հանդիպումներում, ՀՀԿ խորհրդի նիստում: Այնպես որ, որևէ արտառոց քննարկում չի եղել, ընդամենը կազմակերպչական  հարցերի շուրջ քննարկումներ:

-Այսի՞նքն` վհուկների որս, մեղավորներ, պատասխանատուներ…

-Ո՛չ, պարբերաբար տեղի ունեցող հանդիպումներից հերթականն էր Նախագահի մոտ և քննարկվեցին այս պահի կարևորագույն հարցերը:

-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ է նշանակում, երբ ՀՀԿ իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները խոսում են այն մասին, որ պետք է լինի բարոյական իշխանություն:

-Երբ իշխանության ներկայացուցիչները խոսում են բարոյական իշխանության մասին, դա նշանակում է, որ իշխանության ներկայացուցիչները, ինչպես և ընդդիմության ու հասարակության ներկայացուցիչները  որոշ խնդիրներ են տեսնում պետական կառավարման  համակարգում և ցանկանում են այդ խնդիրների շուտափույթ լուծում տեսնել: Այո,  իսկապես մեզ պետք է և՛ բարոյական իշխանություն, և՛ բարոյական ընդդիմություն, և՛ բարոյական քաղաքական կուսակցություններ: Այս պահին, եթե դրան դեռ չենք հասել, չի նշանակում, որ նման ցանկություն չպետք է լինի, որ դրան չպետք է ձգտենք:

-Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից,որը հասարակության ընկալումներում դրական, սակայն ոչ բավարար քայլ էր: Արդյո՞ք այս միտումը, նաև` կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, նոր միտում է  պետական կառավարման մոդելում:

-ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների նշանակումը կամ ազատումը պաշտոնից բացառապես ՀՀ Նախագահի, այսինքն` գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունն է, իսկ Նախագահը նպատակահարմար չի գտել այս պաշտոնանկությունների մասին որևէ  մեկնաբանություն ներկայացնել: Հետևաբար, լրացուցիչ որևէ բան ավելացնելը տեղին չէ:

-Քառօրյա պատերազմից հետո ծավալված հասարակական ու սոցիալական ցանցերում քննարկումներում նաև շրջանառվեց այն գաղափարը, թե ժողովուրդը կանգնեց պետության կողքին և հիմա հերթը պետությանն է:

-Մի քիչ տարօրինակ պնդում է, քանի որ տպավորություն է, որ ժողովուրդն առանձին է պատերազմել, բանակն` առանձին: Պատերազմել  են` ժողովուրդը, բանակը, որը բացի զինվորներից , ունի հրամանատարներ: Չի կարող  այնպես լինել, որ զինվորը մարտնչում է, հրամանատարը` ոչ, ու այդպես էլ չի եղել: Իսկ աշխարհազորայիններն ընդգրկվել են որպես զինվորներ, սպաներ, այսինքն` եղել են ընդհանուր հրամանատարության ներքո:

-Նաև խոսքը միասնականության մասին է, որի կոչը արեց և որը ստացավ իշխանությունը, ու հիմա ակնկալվում է, որ երկրում սոցիալական արդարության խնդիր լուծվի: Իշխանությունում այդպես կարծո՞ւմ են, կա՞ նման տեսակետ:

-Իհարկե, կա և պետք է, այո, լուծվեն արդարության և բազմաթիվ այլ խնդիրներ. և՛ բարոյահոգեբանական դաշտում, և՛ տնտեսական, և՛ քաղաքական: Եվ որքան հնարավոր է` շուտ դրանք լուծվեն. այստեղ չի կարող լինել երկու կարծիք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել