Aysor.am-ը գրում է.

Այսօր Էրեբունի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել դերասանուհի Իրինա Հարությունյանի երկրորդ որդին: Ուրախ լուրն առաջինն Aysor.am-ին տեղեկացրեց անձամբ նորաթուխ մայրիկը: Ի դեպ, թեև երջանիկ մայրիկը դեռևս վերակենդանացման բաժնից հիվանդասենյակ չէր տեղափոխվել, սակայն սիրով պատասխանեց մեր հարցերին: «Տղաս ծնվել է առավոտյան ժամը 11-ին, 3 կգ քաշով: Եվ ես, և երեխան, մեզ լավ ենք զգում»:

Փոքրիկի անվան ընտրությունը վստահված էր ավագ եղբորը ու նրա ցուցումով էլ նորածնին անվանակոչել են Դավիթ: «Արամս առավոտյան ժամը 7-ին տեղից վեր թռավ ու ասաց, որ ինքն անպայման մեզ հետ գալու է հիվանդանոց: Բոլորիս հետ անհամբեր ու ոգևորությամբ սպասում էր եղբոր ծնունդին»,-նշեց դերասանուհին:

Չնայած նորածին որդուն դեռևս մի ակնթարթ է տեսել, սակայն առաջին հայացքից նրան նմանեցնում է ավագ որդուն: 
Երկրորդ անգամ մայրացած Իրինայից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ զգացողություններ ունի 13 տարի անց կրկին մայրանալու բերկրանքն ապրելուց: «Կարծես թե, առաջին անգամ լինի, դեռևս չեմ գիտակցում, որ այս ամենն ինձ հետ է կատարվում: Միայն գիտեմ, որ շատ երջանիկ եմ»,-հուզված արտահայտվեց նա:

Իրինա Հարությունյանն ու նորածինը բարդություններից խուսափելու համար հիվանդանոցում կմնան ևս երկու-երեք օր, քանի որ երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով:

  Aysor.am-ը շնորհավորում է դերասանուհուն, ուրախ ու անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Դավիթին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել