4137264Աֆրիկայի 3 երկրներով շրջագայող Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ամենից շատ վախենում է ոչ թե ահաբեկչություններից, այլ մալարիայի մոծակներից: Ինքնաթիռում լրագրողների հարցին՝ արդյոք նա նյարդայնանո՞ւմ է անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով՝ պապը պատասխանել է. «Ճիշտն ասած՝ ես ամենից շատ մտահոգվում եմ մոծակների պատճառով: Իսկ դուք սփրեյ վերցրե՞լ եք»: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով շրջագայության առաջին երկիր Քենիայի ԶԼՄ-ներին:

Հռոմի պապը կայցելի նաև Ուգանդա և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ): 6-օրյա ուղևորության գլխավոր նպատակը քրիստոնյաների և մուսուլմանների հաշտեցումն է, որոնց հարաբերությունները բարդացել են Եվրոպայում և Աֆրիկայում ահաբեկչության վերջին պոռթկման պատճառով:

«Ես ուրախությամբ եմ մեկնում Քենիա և Ուգանդա, ԿԱՀ եղբայրների մոտ: Հուսանք, որ ուղևորությունը պտուղներ կտա՝ հոգևոր և նյութական»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Հինգշաբթի պապը պատարագ կմատուցի Նայրոբիի համալսարանում: Անվտանգությունը մայրաքաղաքում ապահովում է 10 000 ոստիկան:

Ուղևորության առավել վտանգավոր վայրը ԿԱՀ-ն է: Նոյեմբերի սկզբին քրիստոնյաների և մուսուլմանների միջև վերսկսված բախումներում այնտեղ առնվազն 30 մարդ է զոհվել:

ԿԱՀ-ում ավելի քան 2 տարի արյունալի բախումներ են ընթանում մուսուլմանների և քրիստոնյաների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել