3983Պաղեստինցիները բողոքում են՝ ընդդեմ Իսրայելի իշխանությունների որոշման, ըստ որի՝ սահմանափակվել է նրանց մուտքը Երուսաղեմի Հին քաղաք՝ հանգստյան օրերին իսրայելցի ծխականների վրա տեղի ունեցած հարձակման երկու դեպքերից հետո։ Դեպքերից մեկում երկու իսրայելցիներ դանակի հարվածներից մահացել են։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Երուսաղեմի արևելյան մասում, որտեղ ապրում է մոտ 300 հազար պաղեստինցի, շատ խանութներ փակ են մնում։ Մի քանի տասնյակ մարդիկ ցույց են անցկացրել Ալ-Աքսա մզկիթի մոտ։ Արգելքը նշանակում է, որ պաղեստինցիների մեծ մասի մուտքը քաղաքի այդ հատված արգելված կլինի առաջիկա 2 օրերին։ Պաղեստինյան վարչակազմի ներկայացուցիչները այդ քայլը համարել են վտանգավոր էսկալացիա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել, ինչպես նաև խորին անհանգստություն արտահայտել իրավիճակի կտրուկ վատթարացման հնարավորության պատճառով։

Իսրայելական անվտանգության ուժերի և Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի բնակիչների բախումների ժամանակ հրազենից և ռետինե փամփուշտներից վնասվածքներ է ստացել ավելի քան 70 պաղեստինցի՝ հայտնում են Կարմիր խաչի ներկայացուցիչները։

Կիրակի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ հանդիպում է անցկացրել հատուկ ծառայությունների ղեկավարների հետ։ Անվտանգության համար պատասխանատու կաբինետի անդամների հետ ևս մեկ հանդիպում ծրագրված է այսօր։

Վերջին մի քանի շաբաթներին իրավիճակը Երուսաղեմում մնում է լարված՝ Տաճարի լեռան շրջանում իսրայելցիների և պաղեստինցիների միջև բռնության պարբերական բռնկումների պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել