1336477044-62Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օգոստոսի 12-ին Միացյալ նահանգներում բավականին ուշագրավ հայտարարություններ է արել:

Մոտավորապես 250 հայերի ներկայությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդարանում Աբրահամյանը հայտարարել է, որ մտադրություն ունի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյո՞ք որևէ կուսակցության միջոցով, թե՞ որպես անկախ պատգամավոր:

Ինչպես տեղեկացնում է «ԱՄՆ-ի հայկական կյանք» ամսագիրը (USA Armenian life), Աբրահամյանը նշել է, որ մտածում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին՝ շեշտելով, որ ցանկանում է օգտակար լինել Հայաստանին, որտեղ արտագաղթի ծավալներն օր օրի մեծանում են. «Հիմա ես հանդիպումներ և քննարկումներ եմ ունենում Սփյուռքի հայկական բոլոր համայնքներում: Աստված ինձ տվել է ամեն ինչ, հիմա ես որոշում եմ կայացրել ծառայել իմ ժողովրդին: Շատերը կարծում են, թե ես երկար ճանապարհ եմ անցել այստեղ գալով և ձեզ այս ամենը ասելով, բայց ես այդպես չեմ կարծում՝ ինչո՞ւ չմասնակցել ձեզ հետ միասին: Հայաստանի ամեն քաղաքացի ունի ընտրություններին մասնակցելու իրավունք: Ինչո՞ւ մարդկանց չասեն, որ մենք գալիս ենք նրանց օգնելու համար: Մնացածը թող ժողովուրդը որոշի»,- ասել է Աբրահամյանը:

Միևնույն ժամանակ, Արա Աբրահամյանը նշել է, որ իրեն նախապես ասվել է, որ ինքը շատ ձայն հավաքել չի կարող․«Դա ինձ համար խնդիր չէ: Ինձ նման ազդանշաններով չեն կարող կանգնեցնել: Ես ուզում եմ առաջ գնալ և փորձել: Եթե ինձ ընտրեն Հայաստանում՝ դուք կարող եք գալ Հայաստան աջակցել ինձ, ձեր ծրագրերը ներմուծել: Եթե ես վերջնական որոշեմ մասնակցել ընտրություններին՝ անպայման կգամ այստեղ նաև դեկտեմբերին և նորից կզրուցեմ ձեզ հետ»,- ասել է Աբրահամյանը՝ ոչ մի կերպ չակնարկելով սակայն, որ մինչև դեկտեմբեր Հայաստանում նախատեսված է շատ կարևոր մի գործընթաց իրականացնել՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն:

Հոդվածի հեղինակը նշում է, որ երբեք՝ մինչև 2015 թվականի օգոստոսի 12-ը հայկական եկեղեցին քաղաքական հայտարարությունների և «նախընտրական քարոզարշավների» համար չի ծառայել:

Ուշագրավ է, որ Արա Աբրահամյանն իր «նախընտրական շրջագայությունը» սկսել է հենց Միացյալ Նահանգներից, որտեղ Հայաստանի իշխանությունների՝ հատկապես նրանց ռուսաստանամետ գործողությունների հետ կապած խիստ դժգոհություն կա: Աբրահամյանն իր ելույթում նշել է նաև, որ ինքը ցանկանում է այնպիսի դրական փոփոխություններ մտցնել երկրում, որ Հայաստանի նախագահը արտերկիր մեկնելիս և հայրենակիցների հետ հանդիպելիս «սևերես» չլինի: Պարոն Աբրահամյանը մոռացել է, սակայն, շատ կարևոր մի հանգամանք. եթե իր կողմից մեծ հարգանք և սեր վայելող իշխանություններին հաջողվի անցկացնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ապա նախագահի ինստիտուտը Հայաստանում, որպես այդպիսին, վերանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել