Հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործը բացահայտվել է: Սպանության մեջ կասկածվում է երկու հոգի՝ մոտ 20 տարեկան մի երիտասարդ եւ մի աղջիկ:
Աղջիկը, ում անունը Աննա է եւ երեկ բերման է ենթարկվել, չի ճանաչել Անիին: Նա գումարի համար համագործակցել է երիտասարդի հետ եւ մասնակցել ոճրագործությանը:
Անին ճանաչել է բերման ենթարկված մյուս անձին: Երիտասարդը, ում անունը Մուշեղ է, եղել է Անիի հաճախորդներից, դրանից բացի՝ առօրյայում եւս շփում ունեցել են:
Նրանք ներխուժել էին Անիի բնակարան՝ փող գտնելու ակնկալիքով, ու այդպես էլ արել են, վերցրել են գումարը, տարել, հասցրել են անգամ ծախսել, սակայն դեռ չեն բացահայտում, թե ինչքան գումար են վերցրել:
Մուշեղը ինչ-որ ժամանակ Հայաստանում չի եղել, վերջերս է վերադարձել արտերկրից, ակտիվ երիտասարդ է, ընկերների հետ համատեղ ինչ-որ ստուդիա ունեն:
Իսկ թե ինչպես կարող էին զուտ ավազակային հարձակման համար էքստրասենսի տուն ներխուժողները նման դաժան կերպով նրան սպանել, իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ առաջին հարվածը եղել է գլխին, ու երբ արդեն կինը մահանում էր, երիտասարդները վախեցել են, աղջիկը փախել է, իջել շենքի բակ, իսկ տղան, կորցնելով իրեն, դանակի 58 հարված է հասցրել նրան:
Բայց այսքանով երիտասարդները չեն սահմանափակվել, նրանք մի ամբողջ դետեկտիվ պատմություն են մտածել, փորձել հետքերը կորցնել եւ իրենց վրայից հանել սպանությունը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ գործով ձերբակալվել է մեկ հոգի:
Նշենք, որ դեպքի առիթով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նշենք, որ Անի Մաջնունյանը մենակ էր ապրում, ամուսնացած չէր: