Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր  

Օգոստոսի 1-ից թանկացավ էլեկտրաէներգիան։ Մենք առայժմ նույն գինը կվճարենք։ Ոչ թե երկրի անվտանգության համար նախատեսված միջոցներից, ինչպես ահաբեկեց Սերժ Սարգսյանը՝ իբր ընդառաջելով «էլեկտրական Երևան» շարժման զանգվածային բողոքին, այլ Որոտանի ՀԷԿ-ի սեփականաշնորհման գումարներից, ինչպես երեկ Գյումրիում հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։   

Պատկերն ինքնին խորհրդանշական է՝ Հայաստանի էլեկտրացանցերը հսկայական պարտքը կուտակել են ռուսական ՊԵՏԱԿԱՆ ընկերությունը և հհկական կառավարությունն ու մեծահարուստները, հաշիվը փակում է պետական բյուջեն, այսինքն, մենք՝ հարկատուներս, ամերիկյան ներդրումից։   

Միաժամանակ կառավարությունը որոշում է կայացնում, որ անձը կարող է Հայաստան ներկրել ոչ ավելի, քան 1 (մեկ) նոթբուք։ Սա նշանակու՞մ է արդյոք, որ Հովիկ Աբրահամյանի ու նրա նախարարների ընտանիքները մի նոթբուքով են յոլա գնում, եթե նրանք արգելում են ՀՀ քաղաքացուն միջինը 3-4 հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին արտասահմանից գոնե մեկական ԱՆՀԱՏԱԿԱՆ համակարգիչ նվեր բերել։    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   կառավարության, վարչապետի թիվ մեկ միջամտությունը պետք է լիներ խնդիր դնել ներկրողների առաջ համակարգիչները (և նոթբուքներ) ներկրել ՀԱՅԵՐԵՆ ստեղնաշարով (զուգահեռ, ավելի փոքր լատինատառի կամ կիրիլիցայի նշումով), որպեսզի մենք չլինենք աշխարհում եզակի երկիր, որն ունի հնագույն այբուբեն, բայց անհեթեթ կերպով տպագրում է իր լեզվով ուրիշ այբուբենի տառերին նայելով։ Պատճառներից մեկը, թե ինչու մենք սոցցանցերում դարձանք լատինատառ մեր այբուբենի գոյության տասնյոթերորդ դարում։    

Փոխարենը կառավարությունը կոպտորեն ոտնահարում է քաղաքացիների շահը հօգուտ խոշոր բիզնեսի, որը Հայաստանում կրում է ԲԱՑԱՌԱՊԵՍ կլանային բնույթ։    

Պետք է հուսալ, որ Հովիկ Աբրահամյանի անգլերենը ռուսերենի մակարդակից բարձր է, և նա կարող է ծանոթանալ հեղինակավոր, ինչպես ընդունված է ասել, Foreign Policy («Արտաքին քաղաքականություն») պարբերականի The Bear in the Room՝ «Արջը սենյակում» հոդվածին, որտեղ Հայաստանի իշխանությանը տրվում են դիվանագիտական նրբավարությունից շատ հեռու գնահատականներ։  Sclerotic autocracy, baron autocracy արտահայտությունները որակում են այն որպես ինքնամոռաց շահամոլությամբ տառապող, ֆեոդալական ինքնակալություն։    

Հոդվածագիրը չի անդրադառնում ակունքներին, բայց նույնքան կարևոր է, որ «կապիտալիստական» Հայաստանի կլանային իշխանության առանցքային պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանը («1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ»), Հովիկ Աբրահամյանը (1991 - Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ), Գագիկ Հարությունյանը (1987-90 - ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ), Էդուարդ Նալբանդյանը (1978-92 – սովետական, ռուսական դիվանագետ) հասցրել են պաշտոններ գրավել նաև պլանային սովետական երկրում։    

Սա հնարավոր   վատագույն սիմբիոզն է. «պլանային» տնտեսությունը ենթադրում էր, որ պետք է գողանալ բյուջեից, ինչքան կմարսես, իսկ կլանային-«կապիտալիստականը» հանում է այդ սահմանափակումը՝ գողացի, ինչքան ուժդ կպատի։  Սովետական պաշտոնյայի գործունեությունը ենթադրում էր նաև ստրկական կախվածություն անմիջական ղեկավարից ու կուսակցությունից/համակարգից/կենտրոնից՝ Մոսկվայից, և ոչ մի ինքնուրույնություն։   

Այսօր ամբողջ տարածաշրջանը ալեկոծվում է նոր իրադարձություններից՝ Իրանը վերադառնում է մեծ քաղաքականություն, Թուրքիան վերսկսում է քրդերի դեմ պատերազմը. անհրաժեշտ է ստեղծագործական մոտեցում, ինքնուրույն, «կրեատիվ» գաղափարներ։ Իսկ մեր հույսը դեռ կաղապարված մտածողությամբ իշխող «սկլերոտիկ ինքնակալությունն» է, որը շարունակում է լսել Մոսկվայի ցուցումները, պետական բյուջեն համարում է իր գրպանը և այնտեղից փոխհատուցում ՀԷՑ-ի պարտքերը, քաղաքացիներին էլ դիտարկում է որպես եկամուտի միջոց՝ նրանց պարտադրելով գնումներ կատարել իրենց «օբյեկտներից»՝ ծախսելով ազգականների տրանսֆերտներն ու քրտինքով վաստակած գումարները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել