Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Իրականում Հայաստանում չի եղել, չկա և չի լինելու բռնապետական ռեժիմ՝ այդպիսի ռեսուրսներ մեր երկիրը չունի: Նման ռեժիմի հիմքը, որպես կանոն, օգտակար հանածոների հիման վրա հիմնված տնտեսությունն է կամ՝ զավթողական քաղաքականությունը: Չկա և չի լինի միակուսակցական կամ միաբևեռ՝ «ընդդիմությունից զուրկ» խորհրդարան, չի լինելու համընդհանուր գրաքննություն, չի լինելու քաղաքական հավաքների արգելք, չեն լինելու «առաջնորդի» ցիկոլպիկ արձաններ և այլն: Եկեք մոռանանք Հայաստանում բռնապետության հնարավորության մասին: Մեր իրական խնդիրները գուցե ավելի ծանր են, ավելի «վնասակար են», քան բռնապետության դեպքում, բայց՝ այլ են: Դրանք հիմնականում երեքն են:

1/ Հայաստանում չկան իշխանությունը փոխելու իրավական մեխանիզմներ [պալատական հեղաշրջումները հաշիվ չեն]:

2/ Հայաստանում հարստությունը պատկանում է մի քանի ընտանիքի, և այդ ընտանիքները կապված են բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ:

3/ Հայաստանում չկա անկախ դատական համակարզ, և, հետևաբար, քաղաքացիները պաշտպանված չեն ոչ մի ապօրինությունից:

Սրանք, իհարկե, ավտորիտար հասարակարգի հատկանիշներ են՝ հասարակարգ, որը այս կամ այն ձևով գոյություն ունի նախկին խորհրդային, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի ամենեևին ոչ բռնապետական երկրներում:

Այդ համակարգն, անշուշտ, խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացմանը, ավելացնում է աղքատ բնակիչների թիվը, մեծացնում է վիհը հարուստների և աղբատների միջև:

Այդ համակարգից ազատվելու համար պետք են ոչ թե բնակիչներ, այլ քաղաքացիներ, որոնք նոր-նոր են ի հայտ գալիս մեր երիտասարդների մեջ: Ցանկալի է նաև, որ իրավիճակին ճիշտ ախտորոշում տրվի, և մենք հստակ գիտակցենք, թե որտեղ ենք գտնվում»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել