Tert.am-ը գրում է.

Կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը ֆիլմ կնկարահանի հրեաների ցեղասպանության թեմայով:

Նման հայտարարություն է արել ինքը` Էգոյանը, Ստամբուլի «Ակօս» թերթին տված հարցազրույցում:

Ի թիվս այլնի, Էգոյանը, հարցադրմանն ի պատասխան ասել է, որ մտադրություն չունի Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմ նկարահանելու:

Էգոյանը մասնավորապես ասել է, որ իր հաջորդ ֆիլմը կրելու է «Հիշեք» (Remember) վերնագիրը: Ֆիլմը պատմելու է Հոլոքոստից ողջ մնացած հրեայի մասին, որը Ալցհայմերի հիվանդություն ունի: Հիշողության խնդիրներով գլխավոր հերոսը պարզում է, որ Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում իր ընտանիքին սպանել են նացիստները: Փրկված հրեան մարդասպանին ոչնչացնելու առաքելություն է ստանձնում, սակայն Ալցհայմերի հիվանդության պատճառով անընդհատ մոռանում է, թե ինչու է ցանկանում սպանել տվյալ մարդուն:

Էգոյանը մանրամասնել է, որ տեսարաններից մեկում հերոսը արթնանում է հյուրանոցում` կողքին` զենք, սակայն չի կարողանում հիշել` ինչու է այդպես:

13 տարի առաջ Էգոյանը ներկայացրել էր Հայոց ցեղասպանության թեմայով իր «Արարատ» ֆիլմը: Այժմ` «Ակօսին» տված հարցազրույցում, Էգոյանը բացատրել է, որ իր «Արարատը» իրականում ցեղասպանություն տեսած մարդկանց տրավմայի մասին է, որ փոխանցվում է սերնդե-սերունդ:

Խոսելով առհասարակ Հայոց ցեղասպանության մասին 100 տարի անց ֆիլմեր նկարելու մասին` Էգոյանը նկատել է, որ անհնար կլինի այդ թեմայով համապարփակ աշխատանք ներկայացնել, քանի որ ժխտումը չափազանց երկար է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել