Shamshyan.com-ը գրում է.

Ապրիլի 30-ին Երևանի Աբովյան փողոցից Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն, իսկ մայիսին նրան պարտադրեցին հեռանալ:

SHAMSHYAN.com-ը փորձեց պարզել, թե որն է եղել նրա՝ Հայաստան գալու պատճառը եւ ինչու է արտաքսվել: Պարզվել է, որ Ալանիձեի՝ Հայաստան գալու եւ այստեղ հաստատվելու պատճառը մեր հայրենակցուհին է եղել, ում հարսանիքներից մեկի ժամանակ տեսել է, սիրահարվել ու եկել է Հայաստան՝ նրա հետ ընտանիք կազմել: Այս պատմության անհայտ եւ հայտնի էջերի մասին զրուցեցինք «օրենքով գող» Լուկա Ալանիձեի կնոջ՝ Հեղինե Ղազարյանի հետ: Նրա հետ ունեցած մեր բացառիկ զրույցը ներկայացնում ենք ստորեւ. 

-Ձեր ամուսնուն՝ Լուկա Ալանիձեին Հայաստանի գլխավոր վարչությունը ապրիլի 30-ին Երևանի Աբովյան փողոցից բերման ենթարկեց, ինչը մեծ հնչեղություն ստացավ: Ի՞նչ հիմքերով էին նրան բերման ենթարկել եւ այսօր որտե՞ղ է գտնվում ձեր ամուսինը: 

-Ամուսինս 5 ամիս էր, ինչ ապրում էր Հայաստանում: Նրան բերման էին ենթարկել՝ որպես օրենքով գողի: Հարցազրույցի ընթացքում եւս մեկ անգամ համոզվել էին, որ նա Հայաստանում գտնվելու 5 ամիսների ընթացքում ոչ մի օրենք չի խախտել, ոչ մի հանցագործություն չի գործել, հետախուզություն չունի: Գործերը մաքուր են: Բերման ենթարկելիս էլ ոչ մի հիմք չի եղել, ընդամենը մեքենայով անցնելիս է եղել, մեքենան կանգնեցրել են ու միանգամից բերման են ենթարկել: Մի օր պահել են այնտեղ ու ասել, որ պետք է լքի Հայաստանը եւ մայիսի 1-ին նա իր ընտրությամբ գնաց Բուլղարիա: 

Օրեր առաջ Վրաստանի քրեկան գործերով նախարարը եկել էր Հայաստան եւ հանդիպում ունեցավ մեր արդարադատության նախարարի հետ: Լրատվամիջոցները նորից բարձրացրեցին այս հարցը ու զարմանք հայտնեցին, թե ինչու է Վրաստանի «օրենքով գողը» եկել Հայաստան, բայց ոչ ոք փորձ չարեց ներկայացնելու իրական պատճառը:

-Իսկ ո՞րն էր այս դեպքում նրան բերման ենթարկելու եւ Հայաստանից ուղարկելու պատճառը: Կարելի է ենթադրել, որ պարզապես չէին ցանկանում, որ «օրենքով գողը» մնա Հայաստանում: 

-Ամենայն հավանականությամբ հենց դա էր պատճառը:

-Ձեր ամուսինն ազգությամբ հա՞յ է, թե՞ վրացի: 

-Վրաստանի քաղաքացի է. այնտեղ է ծնվել, բայց հայրը հայ է՝ Լուկա Հովհաննեսի Ալանիձե, մայրն էլ՝ լեզգի: 

-Իսկ ի՞նչն էր ձեր ամուսնուն Վրաստանից բերել Հայաստան: 

-Քեռուս տղայի հարսանիքի ժամանակ 2 տարի առաջ նա ինձ նկատել էր: Որոշ ժամանակ անց եկել էր Հայաստան ու ինձ փնտրել: Շփվեցինք, սիրահարվեցինք եւ որոշեցինք ամուսնանալ: Ես ասացի, որ չեմ կարող իմ հարազատներին թողնել ու իր հետ գնալ, ու ինքը որոշեց տեղափոխվել Հայաստան: Մեր ամուսնությունը մարտի 5-ին գրանցվել է նաեւ Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում: Հիմա էլ սպասում ենք մեր առաջնեկին:

-Դուք ինչո՞վ եք զբաղվում: 

-Ես ինքս այստեղ եմ ապրում, աշխատում եմ պետական համակարգում, 5-րդ կուրսի ուսանող եմ, ԵԿՄ անդամ: Ինձ ասում են, թե դուք էլ կարող եք ձեր ամուսնու հետ գնալ Բուլղարիա: Բայց ես ուզում եմ իմ հայրենիքում ապրել, իմ երեխան այստեղ ծնվի: Հիմա շատ ենք խոսում արտագաղթից: Ի՞նչ է, վա՞տ է, որ մեր հայրենակիցը վերադարձել է հայրենիք կամ վա՞տ է, որ չեմ ուզում հեռանալ իմ հայրենիքից: 

-Ասում են, թե «օրենքով գողերը» պետք է չամուսնանան: Հասկանալի է, որ դա պահպանվում էր հիմնականում Խորհրդային միության տարիներին: Հիմա կարծես թե նրանք այդ հարցում ազատ են, այո՞:

-Ես ընդհանրական պատասխան այդ հարցին չեմ կարող տալ: Ես իմ մասով կարող եմ խոսել: Ճիշտ է, իմ ամուսինը «օրենքով գող» է, բայց մենք ամուսնացել ենք եւ ոչ մի խոչընդոտ չի եղել: «Օրենքով գող»՝ նշանակում է հարգել օրենքը եւ ինքը երբեք օրենքի հետ խնդիր չի ունեցել եւ չի խախտում: Նախկինում ասում էին անեւ, թե «օրենքով գողը» պետք է անձնագիր չունենա, բայց աշխարհը զարգանում է եւ առանց անձնագրի հնարավոր չէ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել