13940330000404_PhotoIԻրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` իրանցի ու չինացի պաշտոնատար անձինք վերջնականապես հստակեցրել են Չինաստանի կողմից երկաթուղու էլեկտրաֆիկացման նախագծի ֆինանսավորումը, որն Իրանի մայրաքաղաք Թեհրանը կապում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մեշհեդ քաղաքին: Համապատասխան պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է 2014 թվականի հունիսին:

Իրանցի պաշտոնյաները նշում են, որ այդ նախագիծը պետք է իրագործվի 4 տարուց էլ պակաս ժամկետում` 42 ամսում: Նախագիծը գնահատվում է 2 միլիարդ դոլար: Նախագիծն արդեն իսկ հավանության է արժանացել Իրանի տնտեսական խորհրդի կողմից:

Նախագծի իրագործումը Թեհրանի ու Մեշհեդի միջև երկաթուղային հաղորդակցությունը ներկայիս առնվազն 12 ժամից կնվազեցնի մինչև 6 ժամի: Գնացքների առավելագույն արագությունը կկազմի 200 կմ/ժամ:

Նախագծի իրագործման դեպքում Թեհրանի ու Մեշհեդի միջև ուղևորահոսքը ներկայիս տարեկան 14 միլիոնից կհասցվի մինչև 35 միլիոն մարդու: Բացի այդ, կաճի տվյալ ուղղությամբ բեռնափոխադրումը` տարեկան մինչև 10 միլիոն տոննա: Նախագծի 15 տոկոսը ֆինանսավորելու է Իրանի կառավարությունը, իսկ մնացյալ 85 տոկոսը` չինական կողմը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Չինաստանում ստեղծվել է Մետաքսի ճանապարհի հիմնադրամ, որի կապիտալը կազմում է 40 միլիարդ դոլար: Հիմնադրամը պետք է մասնակցի «Նոր Մետաքսի ճանապարհին» առնչվող երկրների ներդրումային խոշոր նախագծերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել