Tert.am-ը գրում է.

Բաքվում անցկացվելիք խաղերը խայտառակություն են, ինչպես խայտառակություն էր ժամանակին Ֆաշիստական Գերմանիայում օլիմպիական խաղերի անցկացումը: Tert.am–ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Բաքվում հունիսի 12-28-ն անցկացվելիք առաջին Եվրոպական խաղերին:

«Անձամբ կարծում եմ, որ այդ դեպքը եղել է ժողովրդավարության պատմության ամենավատ էջերից մեկը, և հիմա միջազգային հանրությունը ամոթով է խոսում, ամաչում է, որ Ֆաշիստական Գերմանիայում են կազմակերպվել օլիմպիական խաղեր»,– ասաց նա:

«Նույնը լինելու է այս անգամ, որովհետև որևէ ձևով չի համապատասխանում Ադրբեջանում Եվրոպական խաղերի անցկացումը, ո՛չ աշխարհագրական առումով, ո՛չ մենթալիտետի։ Գաղափարախոսական առումով ֆաշիստական տոտալիտար պետություն է»,- նշեց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Եվրոպական խաղերը կարող էին անցկացվել այլ երկրում։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին՝ Ռիգայի գագաթաժողովի վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել էր ստորագրել համաձայնագիրը՝ դրանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող ձևակերպումների պատճառով, ինչը հարուցել է եվրոպական երկրների ներկայացուցիչների հիասթափությունը: Սակայն օրվա երկրորդ կեսին խնդիրը հարթվեց և Ադրբեջանը ստոագրեց այդ փաստաթուղթը։

Դավիթ Բաբայանը, անդրադառնալով այս միջադեպին, նշեց.«Ադրբեջանը ստորագրելու դեպքում էլ ստորագրված փաստաթղթերի դրույթները չի պահպանում: Զինադադարի ռեժիմի խախտումները սրա վառ դրսևորումն են: Չէ՞, որ նրանք ստորագրել են»: Եվ հիմա էլ, ըստ Դավիթ բաբայանի, Ղարաբաղը սպասում է, որ նրանք կարող են ցանկացած պահի զինադադարը խախտել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել