Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր
Հայաստանի քաղաքական դաշտում գերիշխող տրամադրությունը ապատիան է։ Վերջին խոշոր նախագիծը բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն էր, որը սարսափելի վախճան ունեցավ. իշխանության ղեկավարը տուն ուղարկեց «բուրժուազիային»՝ Գագիկ Ծառուկյանին։
Պարզաբանեմ «բուրժուազիայի» չակերտները։ Դա նախ օլիգարխիայի ու բուրժուազիայի տարբերությունն է։ Օլիգարխն իր հարստությունը ձեռք է բերում և պահպանում է իշխանության հետ կոռուպցիոն գործարքի արդյունքում. սկսել է բացահայտվել էլեկտրաէներգիայի ոլորտում ռուսական բիզնեսի գործած ավերը, և երբ վաղը իրավապահ մարմինները (կամ լրագրողական հետաքննությունը) պարզեն թալանի բոլոր մանրամասները, ի հայտ կգա, որ իշխանության մեջ գտնվող բոլոր «գործարարների» հետ միասին «ընդդիմադիր» ու «բարերար» օլիգարխների ձեռնարկություններն ու առանձնատներն են խժռել շարքային էներգասպառողների ապրուստի փողը։
Մինչդեռ բուրժուան միջին կարողությամբ տնտեսապես անկախ գործարար է, որի եկամուտներն ապահովվում են օրինականության ու թափանցիկ խաղի կանոնների շնորհիվ։
Այդպիսի անձինք միգուցե ինչ-որ հրաշքով Հայաստանում կան՝ մեդիայում երբեմն հայտնվում են հարկային ահաբեկչության դեմ հանդուգն պայքարի դրվագներ, բայց բուրժուազիա որպես խավ գոյություն չունի. նրանցից յուրաքանչյուրին «տուն կուղարկեն», հենց քաղաքական ակտիվություն ցուցաբերի ու հակադրվի վարչակարգին։ Չհաշված այն, որ «բուրժուաների» զգալի մասը հնարավորությունը բաց չի թողնի ավելի սերտ հարաբերություն հաստատելու վարչակարգից հետ, որը կարող է նրան կոռուպցիոն սխեմաների միջոցով հասցնել օլիգարխիկ բարձունքների։
Նույնքան ծանր վիճակում է «միջին խավը»՝ մարդիկ, ովքեր աշխատում են մասնավոր բիզնեսի ոլորտում ու վաստակում այնքան, որ կարողանան բարեկեցիկ կյանք վարել։ Նրանց «բուրժուա»-գործատուները կգերադասեն ազատվել թեկուզև արժեքավոր, բայց ըմբոստ աշխատակցից, քան խնդիրներ ունենալ վարչակարգի հետ ու ամբողջ բիզնեսը կորցնել։
Կտրուկ փոփոխությունների, հեղափոխության համար բարենպաստ չէ նաև միջազգային իրավիճակը։
Քաղաքականապես ու տնտեսապես անմրցունակ Ռուսաստանն անցավ օրինականության սահմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանին հարկադրելով հրաժարվել եվրոպական ընտրությունից, իսկ 2014-ի մարտից ռազմական ներխուժում իրականացնելով Ուկրաինայում։
Զուգահեռաբար Պուտինն ուժեղացրեց պայքարը «գունավոր հեղափոխությունների» դեմ՝ հիանալի հասկանալով, որ իրեն հլու նախկին խորհրդային հանրապետություններում ուրիշ որևէ եղանակով իշխանափոխություն չի կարող լինել։
Արևմուտքը զբաղված է Ուկրաինային Ռուսաստանից փրկելով և, ինչպես ցույց տվեց Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը, խիստ զգույշ է լինելու հետխորհրդային երկրներին աջակցելու խնդրում։
Մեդիայի ոլորտում վարչակարգը լիակատար մենատիրում է հեռուստատեսությանը, իսկ բազմաթիվ այլ տպագիր կամ առցանց ԶԼՄ-ներում գեբելսյան մեթոդներից մեկը՝ «60/40-ն» է կիրառում. 60 տոկոսը ճշմարտություն, որը համարժեք է իշխանության քննադատությանը, 40 տոկոս՝ իրեն ձեռնտու տեղեկատվություն։
Միայն թե ընդհանուր իրավիճակը հուսահատական չէ, քանի որ նրանք, ովքեր ատում են վարչակարգը, Հայաստանի բնակչության ջախջախիչ մեծամասնությունն են, և օրգանապես մերժում են 40 տոկոս ապատեղեկատվությունը։ Այդ մեծամասնությունը դեմ է քվեարկել իշխանության թեկնածուին անցյալ 20 տարվա նախագահական ընտրություններին. վերջին օրինակը Գյումրին է, որտեղ բոլորը դեմ էին քվեարկել Սերժ Սարգսյանին՝ ելնելով քաղաքի իրական բնակչության քանակի տվյալներից։ (Ի դեպ, սահմանադրական փոփոխությունները նաև դրանով են ձեռնտու վարչակարգին՝ հայ ընտրողը համեմատաբար անտարբեր է կուսակցությունների նկատմամբ ու ավելի հաճույքով է կաշառվում խորհրդարանական ընտրություններին)։
Այդ մեծամասնությունը ոտքի է կանգնում, երբ վարչակարգն արդեն իր «ցամաք հացին» է աչք դնում, և էլեկտրաէներգիայի վճարի թանկացման դեպքում նույնն է լինելու, բողոքի ալիք է բարձրանալու։
Իր բոլոր ռեսուրսներով հանդերձ, մյուս կողմում փոքրամասնություն է, որը գաղափարական ոչ մի ընդհանրություն չունի, քանի որ չունի գաղափարական արժեքներ, վտանգի զգացումն էլ բթացած է, ինչպես ցույց են տալիս Լիսկայի հետ կապված պատմությունները։ 
Այսինքն՝ կավե ոտքերով հրեշ, որը տապալվելու է առաջին իսկ մեծ ցնցումից։
Խնդիրը մեկն է՝ ո՞վ է քաղաքական ու հանրային գործիչներից, որ «միջին խավի» բարեկեցության խաբկանքին կուլ չի գնացել և, իրենը համարելով ժողովրդի մեծամասնության խնդիրը, կառաջնորդի ընդվզումը մինչև հաղթական ավարտ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել