unnamed-(17)ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել: Բոլորովին վերջերս իրեն պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «Էլ լոտո»: Ապարատները աշխատում են գումարով, ինչպես նաև հայերեն մենյուով: Իսկ գումարը սկսում է 1000 դրամից. կոպեկների ներբեռնման տեղ չկա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ:

Մեր այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա»-ում ևս կար այդ ապարատից ու մարդիկ հերթ էին կանգնել խաղալու համար: Մոտեցանք ու խաղացողներից մեկից հետաքրքրվեցինք, թե ինչպես է աշխատում այն՝ ձևացնելով, թե մենք նույնպես ցանկանում ենք խաղալ, պարզապես օգտվելու կերպը չգիտենք: «Ախպերս, լրիվ կազինոյի ապարատ ա, ոնց ասեմ: Ոնց դրանք են աշխատում՝ էս էլ»,-ասաց քաղաքացին ու մանրամասնեց հետագա քայլերը:

Ի դեպ մեզ ապարատի աշխատանքին ծանոթացնող քաղաքացին խաղալու համար ապարատ մուտք արեց միանգամից 5000 հազար դրամ: Իսկ թե օրը քանի նման քաղաքացի է մոտենում ապարատին` մնում է ենթադրել:

Ուշագրավ է, սակայն, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն արգելում է քաղաքի ներսում շահումով խաղեր, խաղային ապարատների տեղադրումը քաղաքի ներսում: «Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս»,-սահմանում է օրենքը:

Նշենք, որ նախորդ տարի կառավարությունը որոշ փոփոխություններ իրականացրեց օրենքում, որից հետո համաձայն նուն օրենքի 3-րդ հոդվածի՝ խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղ կարող է կազմակերպվել`
ա) Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքների վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում. բ) Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում.
գ) ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևան քաղաքից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան»:

Նշենք, որ սուպերմարկետում տեղակայված ապարատները ևս համարվում են շահումով խաղային ավտոմատներ, շահույթ են հետապնդում, հետևաբար, պետք է տեղակայվեն քաղաքից դուրս: Իսկ թե ինչու կամ ում հովանու ներքո է Սամվել Ալեքսանյանը ոտնահարում օրենքը` հայտնի չէ:
Հավելենք նաև, որ նման ապարատներ տեղադրված են նաև Հովիկ Աբրահամյանին պատկանող ավտոգազալցակայաններում:

unnamed (19)

unnamed (16)

unnamed (15)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել