Tert.am-ը գրում է.

Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի՝ ողջունելի է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանը:

Tert.am-ի հետ զրույցում Հակոբ Չաքրյանը հիշեցրեց, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդն ունեցել է 2500 եկեղեցի, 450 վանք, որոնք հիմնահատակ ավերվել են:

«Հիմա Թուրքիան որքան էլ կառչի ժխտողականությունից, ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության հարցում մի կերպ պետք է լուծում գտնեն: Լուծում գտնելն էլ ճանաչման դեպքում ինքնաբերաբար ենթադրում է փոխհատուցման հարց: Դժվար է ասել, թե ինչ կստացվի վերջնական արդյունքում, բայց հարցի քննարկումը Թուրքիայի Սահմանադրական դատարանում ինքին առաջընթաց քայլ է մեզանում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ է սպասվում, եթե թուրքական դատարանը հայցը չբավարարի ինչպես կանխատեսվում է, պատասխանեց. «Եթե անգամ մերժի, ապա հարցը միևնույնն է կմտնի օրակարգ ու օրակարգում էլ կմնա: Բայց դրան զուգահեռաբար պետք է անընդհատ ներկայացվեն հայկական կողմի պահանջները: Մենք փոխհատուցման հարցերը պետք է այսուհետ միշտ օրակարգում պահենք»:

Հակոբ Չաքրյանը միաժամանակ ընդգծեց, որ տարածքների վերադարձմանը հարցը ամենաբարդն է, սակայն այն կհեշտանա, եթե ի վերջո Հայոց ցեղասպանության փաստը ճանաչի նաև ԱՄՆ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել