la-whilsiarmgm-la0028357626-20150424

1in.am-ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո մեկնարկած քննարկումների և բանավեճերի առարկա է դարձել, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է այն, ինչը պետք է միավորի հայությանը պետականություն ունենալու պայմաններում: Արդյո՞ք պետությունն ու պետական համալիր շահերը չէ, որ պետք է հանդիսանան համահայկական միավորման առանցք՝ համարժեք գաղափարների և նախաձեռնությունների բովանդակությամբ: Եվ այս համատեքստում արդյո՞ք Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը չպետք է լինի ընդամենը բաղադրիչներից մեկը, սակայն ամենևին ոչ առանցքային ցեմենտող գործոնը: Սրանք հարցեր են, որոնք մեզանում լուրջ քննարկումների և ուսումնասիրությունների կարիք ունեն: Սակայն անգամ երբ մենք գալիս ենք նման եզրահանգումների, ամենևին չի կարող նշանակել, որ հայկական հարցի շուրջ տեղի ունեցած ռեսուրսային համախմբումը պետք է կազմաքանդվի: Մինչդեռ արձանագրությունների արդիականացումը անխուսափելիորեն բերելու է դրան:

Հիշենք 2008 թվականը և արձանագրությունների նախաձեռնությունը: Այն հանգեցրեց երկատումների թե՛ Հայաստանի ներսում, թե՛ նաև Հայաստան-Սփյուռք ֆորմատում: Սերժ Սարգսյանին Սփյուռքի քաղաքներում դիմավորում էին հոծ և բավական կոշտ հանրահավաքներով, երբ նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը Սփյուռքի չորս տարբեր քաղաքներում քննարկելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Ակնհայտ էր, որ բավական ցցուն և հրապարակային կերպով ստեղծվել էր Հայաստանի և Սփյուռքի հակադրման մի իրավիճակ, ինչն անկասկած չէր կարող բխել հայկական պետականության ռազմավարական շահերից, քանի որ այդ պետականության կարևոր ռեսուրսներից մեկն էլ Սփյուռքի հետ համակարգված աշխատանքն է, կապը, հաղորդակցությունը, ընդհանուր հարթակի առկայությունը: Այստեղ ոչ թե բաժանարար գծեր, այլ միավորող իրողություններ ու գաղափարներ են պետք:

Այդ տեսանկյունից, ռուսական մտադրությունները անկասկած հանդիսանալու են բաժանարար գծեր՝ հարվածելով հայկական պետականությանը: Միևնույն ժամանակ, Հայաստանը` որպես պետություն, որն ակտիվորեն ստանձնել է 100-րդ տարելիցի միջոցառումների ծավալման քաղաքական պատասխանատվությունը, հայտնվում է անհարմար վիճակում այն պետությունների առաջ, որոնց կոչ էր անում ճանաչել Ցեղասպանությունը, թեկուզ այն պարզ պատճառով, որ հայ-թուրքական արձանագրությունների մեջ առկա է պատմաբանների ենթահանձնաժողովի հայտնի դրույթը: Այսինքն` արձանագրությունների թարմացումը, ըստ էության, նշանակելու է բաժանարար գիծ Հայաստանի և քաղաքակիրթ աշխարհի միջև, ընդ որում` հայտնի չէ, թե Հայաստանի շահերից բխող ինչ դիվիդենդների դիմաց, որովհետև արձանագրությունների վերակենդանացումը բոլորովին չի նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առարկայական և բովանդակային գործընթաց:

Ի վերջո, հայ-թուրքական արձանագրությունների օրակարգայնացումը հանդիսանալու է նոր բաժանարար գծերի առկայություն Հայաստանի ներքաղաքական կյանքում: 2008 թվականին արձանագրությունների նախաձեռնությունն ու մոտ երկամյա ընթացքը ձևավորել էր հետաքրքրական իրավիճակ՝ այդ ժամանակ առաջատար և հիմնական ընդդիմություն հանդիսացող Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, աջակցեց գործընթացին, իսկ «Ժառանգություն» և Դաշնակցություն կուսակցությունները ձևավորեցին «ոչ»-ի շարժումը: Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում հիմնական կամ առաջատար ընդդիմություն հասկացություն չկա, տրենդային իմաստով զատվում է Հիմնադիր խորհրդարանը, որի մոտեցումները հայ-թուրքական կարգավորման հարցում կարծեք թե այնքան էլ որոշակի չեն, և միևնույն ժամանակ կառույցը ինքն էլ կարծեք թե առանձնապես առաջնահերթ չի համարել դրա վերաբերյալ ծավալումները, եթե բացառություն չհամարենք «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսը: Չի բացառվում, որ արձանագրությունների թարմացման գործընթացն էլ դառնա Հայաստանի առաջիկա ներքաղաքական վերադասավորումների համար, այսպես ասած, ուղենիշային:

Օրերս առիթ ունեցել ենք անդրադառնալու այն խնդրին, որ Հայաստանում ներկայումս ըստ էության ներքաղաքական դադարի կամ սպասման շրջան է` պայմանավորված արտաքին ճակատում զարգացումներով, քանի որ հայաստանյան ներքաղաքական կյանքը անհուսալի կախվածության մեջ է հայտնվել արտաքին ուղենշող զարգացումներից: Եվ ահա, Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարություններն այդ կապակցությամբ կարող են դառնալ առանցքային ուրվագիծ, որն, իհարկե, արտաքին հարթության վրա դեռ ունի ծավալման և խմորվելու զգալի տեղ, որից հետո միայն Հայաստանի ներքին կյանքում կսկսեն դրա հանդեպ դիրքավորումները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել