Lurer.com-ը գրում է.

Բուենոս Այրեսի Իսպանացիների հուշարձանին կից հրապարակում արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոսուրյանի ղեկավարությամբ մարտի 28-ին տեղի է ունեցել «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Արգենտինայի հանձնաժողովի և Արգենտինայում ՀՀ դեսպանության կողմից, Բուենոս Այրեսի կառավարության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղարության հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա են եղել Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էռնան Լոմբարդին, Բուենոս Այրեսի կառավարության Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերի փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխը, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, արգենտինահայ համայնքային կառույցների, Արգենտինայի քաղաքական, մշակութային, գիտական և ակադեմիական լայն շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մոցարտի, Վերդիի, Աստոր Պիացցոլայի, Ալբերտո Խինաստերայի, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի ստեղծագործությունները:

Արգենտինայի Երիտասարդական պետական և Կույրերի պետական երգչախմբերի կատարմամբ հնչել է Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել