«Երբ Սերժ Սարգսյանն անցած տարի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթղթերը, ակնհայտ էր, որ այդ նախաձեռնությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում, սակայն դրա բացասական հետևանքների ամբողջական պատկերը դժվար թե որևէ մեկը կարողանար նկարագրել: Պարզվում է՝ ԵՏՄ-ի անդամակցությունը նույնիսկ անմաքս խանութներից, կամ այսպես կոչված՝ «Դյութի ֆրի»-ներից ՀՀ քաղաքացիների առևտրի վրա է ազդել: Բանն այն է, որ այս տարվա սկզբից Ռուսաստանի օդանավակայաններով Հայաստան ուղևորվողներին արգելվում է «Դյութի ֆրի»-ներից առևտուր անել, պարզապես ոչինչ չեն վաճառում մեր երկիր թռչողներին:

Ի դեպ, տվյալ դեպքում կապ չունի՝ուղևորը հենց Մոսկվայից է գալիս Հայաստան, թե որևէ այլ երկրից է գալիս տարանցիկ, Մոսկվայով: Կարևոր գործոնն այն է, որ եթե ուղևորի համար վերջնակետը Երևանն է, ապա նրան արգելվում է «Դյութի ֆրի»-ից առևտուր անել: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տված պատասխանի իրավական խուճուճ ձևակերպումները եթե մի կողմ թողնենք և խնդիրը պարզ ու հասկանալի ներկայացնենք, ապա, ըստ ռուսական կողմի, Ռուսաստանի օդանավակայաններում ներպետական չվերթի ուղևորին չի թույլատվրում «Դյութի ֆրի»-ից օգտվել: Այսինքն՝Հայաստանն այլևս որպես անկախ երկիր չի դիտվում ՌԴ-ում: Մոսկվայից Երևան թռչելը նույնն է, թե ասենք՝ Ուֆա կամ Օմսկ մեկնելը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել