r61in.am-ը գրում է․

Գյումրիում տեղի ունեցածը բարբարոսություն էր, համայնքը շատ վատ է արտահայտվում այդ սիրիկայի մասին: Այդ ընտանիքը կարծես բոլորիս ընտանիքների անդամը լինի, և ամեն քայլափոխի այդ խոսակցությունն է: Ամեն տեղ նստելիս, վեր կենալիս, կանգնելիս, խոսելիս, օրվա մեջ մի 15-20 անգամ, այդ թեման շոշափվում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած սպանդին, ասաց ԱՄՆ-ում բնակվող երգիչ-դերասան Ռազմիկ Մանսուրյանը:

Նա նշեց, որ համամիտ է ժողովրդի բարձրացրած պահանջին, որ պետք է հայ իրավապահները քննեն սրիկային:

«Իրենք Մոսկվայում ինչպե՞ս արեցին, բերեցին, Հրաչյա Հարությունյանին խալաթով խայտառակեցին, թող նրան ուրեմն բերեն այստեղ»,- հավելեց Ռազմիկ Մանսուրյանը:

Նրա կարծիքով՝ եթե Պերմյակովին չհանձնեն հայ իրավապահներին, հայ-ռուսական հարաբերությունները չեն վատթարանա, բայց ինչ-որ վստահություն կկորչի:

«Չեմ կարծում, որ կվատանան, ես չեմ էլ ուզում, որ կվատանան, ինչո՞ւ պետք է վատանան»,- ասաց նա:

Ռազմիկ Մանսուրյանը չի կարծում, թե տեղի ունեցած ողբերգությունը մեկ հոգու ձեռքի գործ է: Ինչպես Հոկտեմբերի 27-ն էր, սա էլ էր կազմակերպված, իսկ թե ով է սադրիչը, ով է հրահրողը՝ պարզ չէ, բայց ամեն դեպքում, դա այդքան ռիսկ չէր ունենա հանվեր, հագնվեր:

«Ոչ միայն ես, այլև մեր համայնքը սպասում է գործի բացահայտմանը: Երեկ մոմավառություն ենք արել, ծաղիկներ ենք դրել: Իբրև քիչ դարդ ու ցավ ունեինք, մի հատ էլ սա սարքեցին հանրության գլխին: Մարդիկ իրավունք չունե՞ն հանգիստ ապրել, չեմ հասկանում»,- հավելեց Ռազմիկ Մանսուրյանը:

«Ոչ մեկի համար էլ սա հաճելի բան չէ՝ մեր կառավարության, նախագահի, դատախազության, ոստիկանության համար: Սա հանդուրժելու բան չէ… Ո՞վ կուզեր, որ նման բան լիներ. առանց այն էլ երկիրը ճգնաժամի մեջ է, դժվարություններ կան, հիմա էլ այսպիսի հարց եղավ: Երկրաշարժը հերիք չէր, մի հատ էլ սա: Սա երկրաշարժից էլ վերան երկրաշարժ էր, այն մեկը գոնե բնական էր. այն մեկը գոնե բնությունն արեց:

Այս խաղաղ պայմաններում այդպիսի բան անել… Քի՞չ է՝ սահմանում այդքան զոհ կա: Չգիտեմ: Իմ ուշադրությունն էլ անընդհատ հայրենիքն է՝ Հայաստանը, շատ էլ որ մենք ապրում ենք օտար ափերում: Դա բոլորովին կապ չունի, մենք միայն ֆիզիկապես ենք այստեղ ապրում, հոգով, սրտով այդտեղ ենք:

Հիմա այնպես չլինի, որ ամպագոռգոռ բաներ եմ ասում, մեկն էլ ասի՝ այդքան շատ ես սիրում, վեր կաց, գնա Հայաստանում ապրի: Նման բաների մասին չէ խոսքը, դա ծեծված թեմա է: Մենք ուղղակի բոլորս էլ ապրում ենք այս երկրում՝ հայրենիքի լավը ցանկանալով: Անում ենք համերգներ, բարեգործություններ, դրամահավաքներ, ամեն ինչին էլ ակտիվ մասնակցում ենք՝ կապված մեր հայրենիքի հետ»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել