Esem.am-ը գրում է․

Դերասան Հայկ Պետրոսյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Քաղաքում» հեռուստասերիալում Նարեկի դերակատարմամբ, անցնող՝ Ձիու տարվա ծնունդ է:

ESem.am-ը Հայկի հետ ևս զրուցել ու պարզել է, թե ինչո՞վ է առանձնացել իր տարին և որտե՞ղ է պատրաստվում դիմավորել տոները: Ըստ Հայկի՝ Ձիու տարին դիմավորելու առաջին րոպեներից լավ տրամադրություն է ունեցել, քանի որ հենց իր տարին էր: «Կարծես նոր ծնված լինեի, այս տարվա ընդունելությունն այլ էր. գիտակցական կյանքում առաջին անգամ էի զգում, որ հենց իմ տարին է սկսվում»,-ասաց դերասանը:

Հայկի համար տարվա ամենամեծ ու կարևոր ձեռքբերումը առաջնեկի՝ տղայի ծնունդն էր: «Երբ տղաս ծնվեց, իմ ստեղծած ընտանիքն ավելի ամրապնդվեց: Նա այժմ մեր փոքր ընկերն է. ուր գնանք, ինչ անենք, մեզ հետ է ու կարծես հասկանում է դա. մեզ նեղություն չի տալիս,-շեշտեց դերասանը և հավելեց,- շատ ուրախ եմ, որ նա իմ տարում է ծնվել»:

Հայկի խոսքով՝ իր տարում հնարավորություն ունեցավ նաև բացել սեփական դերասանական ստուդիա, որի ճակատագիրը, սակայն, պարզ կլինի հունվարից հետո: «Հունվարին պարզ կլինի, ստուդիան շարունակո՞ւմ է գործել, թե՞ ոչ, քանի որ այս պահին հստակ չեմ կարող ասել՝ արդյոք կկարողանամ համապատասխան ժամանակ տրամադրել դրան»,- ասաց նա:

Տարվա ընթացքում Հայկի համար ուրախալի էր նաև Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում երեխաների համար հայկական առակներ ներկայացնելը: «Հայ առակագիրների գործերով մանկական ներկայացում էր կազմակերպված, որի ընթացքում ներկայացնում էինք առակագիրներին, իսկ վերջում կենդանի շփում ունեինք երեխաների հետ»,- նշեց Կամերային երաժշտական թատրոնի դերասանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել