Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ գոռոզ լինելու, անձնական կյանքի ու առաջիկա ծրագրերի մասինLife.panorama.am-ը գրում է․

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն է:

-Աշոտ, դուք նաև Գոյ թատրոնի դերասան եք: Այժմ կարողանո՞ւմ եք համատեղել սերիալն ու թատրոնը:

-Իհարկե, համատեղում եմ: Պարզապես սերիալը նկարահանման սահմանված ժամեր չունի, այդ պատճառով նոր ներկայացումների մեջ չեմ ընդգրկվում: Գոյ թատրոնը, կարելի է ասել, իմ մասնագիտական ծննդավայրն է, Արմեն Մազմանյանի հիմնած թատրոնը: Իր կուրսն եմ ավարտել ու ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ այդ թատրոնում: Ճիշտ է, այժմ բոլոր ներկայացումներում զբաղված լինել չի հաջողվում, բայց փորձում եմ հնարավորինս համատեղել: Թատրոնն ինձ համար բոլորովին այլ արժեք է:

-Այս շրջանում ֆիլմերի առաջարկներ ունեցե՞լ եք, թե՞, երբ դերասանները զբաղված են լինում սերիալում, հասկանալի պատճառով՝ առաջարկներով նրանց չեն անհանգստացնում:

-Բավականին լուրջ ֆիլմի առաջարկ ունեցա, որի նկարահանումները պետք է Ղարաբաղում անցկացվեին: Նկարահանման երկու ամիսների ընթացքում ինքս էլ պետք է լինեի այնտեղ: Հասկանալի պատճառներով՝ առաջարկը կորցրեցի: Նաև ներկայացման առաջարկ ունեմ հիմա, չգիտեմ՝ կհասցնեմ, թե՞ ոչ: Դա արդեն ժամանակը ցույց կտա:

-Ի՞նչ ներկայացման մասին է խոսքը:

-Չեմ ցանկանում այժմ փակագծերը բացել, մի քիչ շուտ է: Եթե լինի, այդ մասին բոլորը կիմանան, չլինի՝ չեն իմանա:

-Սերիալները, մեծամասամբ, ամիսներով, տարիներով ձգձգվում են: Դերասաններն էլստիպված են լինում այդ ընթացքում զոհողությունների գնալ՝ հրաժարվելով մի շարքառաջարկներից: Այդ հանգամանքը դերասանին նաև ֆինանսապես չի՞ վնասում:

-Վնասում է, իհարկե, բայց այդ նույն սերիալը նաև ֆինանսական ապահովվածություն է տալիս: Իհարկե, այնպես չէ, որ ես վերաբերում եմ որպես «փողի աղբյուրի», սա իմ աշխատանքն է, իմ սիրած գործը, որը հնարավորինս լավ եմ կատարում, որպեսզի մարդկանց գոհացնեմ: Դեմ չեմ, եթե պայմանները թույլ տային զուգահեռ նկարահանվել այս կամ այն ֆիլմում: Բայց դա ոչինչ, հիմնականում իմ գումարը վաստակում եմ սերիալով և  ոչ միայն:

-Եվ ոչ միայն ասելով՝ թատրո՞նը նկատի ունեք:

-Ոչ, թատրոնի տված աշխատավարձը ծիծաղելի թիվ է: Ուղղակի մարդիկ սիրում են թատրոնը, չեն կարող նրանից հրաժարվել: Այն պետք է դերասանին: Ինչ վերաբերում է, թե էլ ինչպես եմ գումար աշխատում, ասեմ, որ նաև կորպորատիվ, տարբեր միջոցառումների հանդիսավար եմ:

-Արդյո՞ք դերասանն այդ կողմնակի զբաղվածության պատճառով որակական փոփոխություններ չի կրում: Զբաղվածության պատճառով կարող եք չէ՞ գործին երբեմն «մատերի արանքով» նայել:

-Կողմնակի զբաղվածությունը լինում է երեկոյան ժամը 6-ից հետո ու այնպես չի, որ ամեն օր այդ գործի մեջ ես ու գերհոգնում  ես: Իհարկե, լավ կլիներ, որ թատրոնում այնքան գումար աշխատեինք, որ կցանկանայինք ոտքներս «դուրս դնել»: Սերիալի ֆինանսական վիճակից չեմ բողոքում, բայց եթե ավելի բարձր վարձատրվեինք, կողմնակի բաների չէինք ձգտի:

-Աշոտ, դուք Ձեզ որտե՞ղ եք զգում «տանը»՝ նկարահանման հրապարակո՞ւմ, թե՞թատրոնի բեմում:

-Անկեղծ ասած՝ բեմում այնքան փորձ չունեմ, որքան տեսախցիկի առջև: 6-7 տարի անընդհատ նկարահանման հրապարակում եմ, ինչի պատճառով ամբողջովին թատրոնին նվիրվել չեմ կարողացել: Հուսով եմ, կգա այն օրը, երբ կկարողանամ լիովին տրվել թատրոնին: Ե՛վ ֆիլմը, և՛ ներկայացումը իր տեղն ու արժեքն ունի իմ կյանքում:

-Պետք է խոստովանեմ, որ Ձեր մասնակցությամբ սերիալները բավական բարձր վարկանիշ են ունեցել: Ի՞նչ եք կարծում, այդտեղ դերասանի գործո՞նն է, թե սցենարի սրությունն ու հետաքրքրությունը:

-Եթե ուզում եք հարցնել՝ դա ինձանից է, թե ոչ՝ չեմ պատասխանի, այդ հարցին թող հանդիսատեսը և սերիալների պրոդյուսերները պատասխանեն (ծիծաղում է): Միայն նշեմ՝ շատ հաճելի է, որ այդ նախագծերը հաջողված են: Ընդհանուր կարող եմ ասել, որ դա մի ամբողջ օղակ է. եթե դերասանները լավն են, սցենարը՝ հետաքրքիր, յուրաքանչյուր աշխատող իր տեղում է, ֆինանսական հնարավորությունները վատը չեն՝ ապա ֆիլմը ստացված է:

-«Կյանքի գինը» սերիալից տարիներ են անցել, բայց, կարծեք թե, Ռուբենը կարողացավ որոշ չափով «մոռացնել» Արամին: Չէ՞ որ շատերը Ձեզ մինչ այդ Արամ էին հիշում:

-Չգիտեմ, Արամի պիտակը երբևէ իմ վրայից դուրս կգա, թե ոչ, բայց ուրախ եմ, որ կողքից հաճախ եմ լսում, որ այստեղ կերպարս ևս ստացվել է: Դա ինձ համար կարևոր գնահատական է: Իսկապես, այս սերիալը նայողները շատ են ու «Ռուբենին» էլ շատերն են ճանաչում: Շատերն են ասում, որ երբեք սերիալ չեն նայել, բայց այս սերիալը նայում են: Չգիտեմ, ճիշտ է, թե ոչ. դե, մեր ազգը սովորություն ունի չէ՞, ասում են կյանքում ոչ մի սերիալ չեն նայում, բայց այդ սերիալը սկզբից մինչև վերջ քեզ պատմում են (ծիծաղում է): Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ՝ խոսքեր են հնչում, որոնք լսել եմ «Կյանքի գինը» սերիալի ժամանակ. նույնիսկ տղամարդիկ դրսում մոտենում ասում են. «Այս ի՞նչ եք անում: Ժամը 21:00-ը գալիս է, կնոջս կողքը նստում, «Սիրո գերին» եմ նայում»: Նման արտահայտություններ լսել էի նախորդ սերիալի ժամանակ, ու հիմա նորից վերհիշում եմ, ինչը շատ հաճելի է: Ուրախ եմ, որ ստացվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել